Lragir.am-ը գրում է.

Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցություններից բաղկացած պատգամավորների խմբի այցն Արցախ վկայում է, որ հայկական պետության համար Հայաստանի ու Արցախի հարաբերությունների կարգավիճակի ֆորմալացումը հրամայական է դառնում: Հայաստանն ու Արցախը երկար տարիներ շփվել են բացառապես ղարաբաղյան հակամարտության «Լաչինի» միջանցքով: Հայաստանի եւ Արցախի քաղաքական գործիչների ու ղեկավարությունների հարաբերությունների չափանիշը նրանց դիրքորոշումն էր կարգավորման, փոխզիջումների ու տարածքների հարցերում:
30 տարի գրեթե չի խոսվել Հայաստանի ու Արցախի հարաբերությունների կարգավիճակի, Հայաստանի ու Արցախի, Արցախի բնակիչների ու առաջնագծում կանգնած զինվորների հարաբերությունների կարգավիճակի մասին:
Հայաստանի ու Արցախի հարաբերությունների շուրջ քննարկումները հանգում են անկախության կամ միավորման: Արցախի բնակիչները 30 տարի քաղաքացիության մասին օրենք չունեն, նրանք Հայաստանի անձնագրեր ունեն, բայց չեն կարող ընտրել ու ընտրվել: Կա նախագահ,ԱԳՆ, բայց չկա բանակցություններին մասնակցելու հնարավորություն:
Հայաստանի ու Արցախի հարաբերություններում այդ անորոշությունը գուցե միշտ չէ, որ բացասաբար է անդրադարձել. ինչ-որ պահերի հարաբերությունների ֆորմալացումն իրոք հղի էր սպառնալիքներով: «Կախված» կարգավիճակը թույլ է տվել 30 տարի շարունակ առանց մեծ կորուստների գոյատեւել:
Բայց իսկապե՞ս Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ֆորմալացման «միջանկյալ» կարգավիճակ չկա: Թավշյա հեղափոխությունը կարո՞ղ է դնել այդ հարաբերությունների հիմքը:
Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցն Արցախ տանգապով է լուսաբանվում ադրբեջանական մամուլում: Այնտեղ ակնարկում են, որ Հայաստանն ու Արցախը կարող են պայմանագիր ստորագրել: Ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը:
Արմեն Սարգսյանը նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը հայտարարել է, որ դառնալու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Չորրորդ հանրապետությունը կարող է դառնալ Հայկական համագործակցությունը՝ ձեւաչափ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը:
Այդ համագործակցությունը կարելի է ստեղծել ներկայիս իրողությունների հիման վրա: Խոսելով Երուսաղեմի կարգավիճակի ճանաչման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ելնում են ստեղծված իրողություններից: Այդ իրողությունների հիման վրա լեգիտիմ է լինելու Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը հետագայում միավորվելու հեռանկարով:
Հեղափոխությունը շատ բան է փոխել Հայաստանում եւ տարածաշրջանում, այն չի կարող չազդել ղարաբաղյան հակամարտության եւ երկու հայկական պետությունների հարաբերությունների վրա:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am