Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան:

«Արենի գյուղի մոտ նոր ադրբեջանական դիրքեր: Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, եւ մեր դիրքերը այս պահին ավելի ցածր են:

Գյուղում խուճապ է: Չհավատացողներին եւ հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի եւ համոզվել», - գրել է Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Այս հարցի հետ կապված պարզաբանում ստացանք ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

- Պարոն Հովհաննիսյան, քիչ առաջ համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական բարձրադիր նոր դիրքեր են հայտնվել, եւ նշվում է, որ հիմա գյուղում խուճապի մեջ են:

- Ոչ մի խուճապի առիթ չկա:

- Բայց ճի՞շտ է, որ նոր դիրքեր են հայտնվել:

- Ես չեմ կարող ասել, Ադրբեջանն իր տարածքում կարող է դիրքեր դնել: Իրենց դիրքերն իրենց պետության ներսում են, մեր դիրքերի նկատմամբ որեւէ փոփոխություն, որեւէ ակտիվություն չկա:

- Բայց, եթե մեր դիմաց գտնվող դիրքը բարձրադիր է, անհանգստանալու բան չունե՞նք:

- Այնքան այդպիսի դիրքեր կան, մեկ դիրք իրենք ունեն բարձրադիր, 5 դիրք՝ մենք:

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com