Այսօր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության  և Հայաստանի Հանրապետության  ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։ Նրա հայրը նվագել է ֆլեյտա, իսկ անձամբ Առնոն մանկության տարիներից սկսում է երաժշտական ունակություններ դրսևորել։ 3 տարեկանում սկսում է նվագել շրթհարմոն, իսկ 9 տարեկանում գրում է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը։ 1933-ին Հայաստանի պատանի երաժիշտների մրցույթում նա ստանում է առաջին մրցանակը։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ 1956թ-ից նա հաստատվել է Մոսկվայում: Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, արյան քաղցկեղից:

«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»,- ժամանակին ասել է Առնո Բաբաջանյանը: