Բարեգործություն․․․Քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է՝ մերձավորի հանդեպ ուշադրություն և օգնելու ցանկություն և բարոյական պարտավորություն կարիքավորների, ուշադրության կարիք ունեցողների նկատմամբ: Բարեգործությունը քրիստոնեական առաքինություններից մեկի՝ ողորմության արտահայտությունն է: Վաղ շրջանում այն մշտապես մերձեցրել են մարդասիրության գաղափարին․․․

Այն առնչվում է նաև դրամի հետ, բայց հավատացե՛ք, որ դրամը բոլորովին էլ միակ անփոխարինելի օղակը չէ․ վերջինիս արմատն ու ակունքը բարությունն է՝ առ այն․ եթե հնարավորություն կա, պետք է օգնել ու ներդրում ունենալ կարիք ունեցող մարդկանց համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցերում։

Հենց այս բարոյախրատությամբ առաջնորդվելով՝ մի խումբ մոսկվայաբնակ երիտասարդներ (այժմ արդեն պաշտոնապես՝ New GP փրոդաքշն) դեռևս ամիսներ առաջ միտք հղացան կազմակերպել բարեգործական համերգ, որի ողջ հասույթը պետք է տրամադրվեր ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան և Բաղանիս համայնքներին (Բաղանիսում՝ գիշերային լույսի տեղադրում, իսկ Բարեկամավանում՝ գյուղամիջյան ճանապարհի խճապատում)։

Օրերս էլ Մոսկվայի Golden Palace համերգասրահում ահա կայացավ այդ համերգային ծրագիրը, որին իրենց մասնակցություն էին ցուցաբերել հայ և օտարազգի արվեստագետներ, երգիչ-կատարողներ, պարային համույթներ, այդ թվում՝ Աբրահամ Ռուսսոն, Կարեն Ավանեսյանը, Սիրանուշ Գալստանը, Ալեքսանդր Մովսիսյանը, Արման Թովմասյանը, Նշան Հայրապետյանը, Սարո Վարդանյանը, Նարինե Մադունցը, Էդգարը, Աստան, Լիլիթ Հարությունյանը, Արշակ Բեռնեցյանը, Music Հայկը, Գարիկ Գորգյանը, վրաց երգիչ Աչին, Հայորդիք, Հովիկ ստուդիո, Կիլիկիա պարային համույթները և այլք: Փոխանցում է YerevanNews.am-ի թղթակիցը Մոսկվայից ։

Համերգային երեկոն վարեցին Ալեքսանդր Բաբասյանը, Տաթև Մանուկյանը, Գայանե Բրեյովան և Թիմուր Ռամազանովը։ Ողջ համերգը ընթացավ հայկական ջերմ մթնոլորտում, իսկ կուլմինացիան վերապահված էր Աբրահամ Ռուսսոյին, ով ներկաներին հրամցրեց <Աշխարհումս ինչ կուզեի> ստեղծագործությունը։

Համերգին մասնակցած յուրաքանչյուր ոք՝ լինի կազմակերպիչ, աջակից, թե հանդիսատես, բարեգործ էր յուրովի․ բոլորը միահամուռ ջանքերով իրենց լուման ներդրեցին համերգի բարեհաջող կայացման գործում, կատարվեց անհնարինը այս աստվածահաճո գործը պատվով իր հանգրվանին հասցնելու համար։ Համերգային ծրագրի շրջանակներում դրամական օգնություն ցուցաբերվեց նաև մոսկվայաբնակ փոքրիկ Խաչատուր Խաչատրյանի բուժման ծախսերը հոգալուն, ով երկու տարեկանում վթարի է ենթարկվել և այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Կազմակերպչական հարցերում փրոդաքշնին մշտապես աջակցել են Մոսկվայի ԵԿՄ ներկայացուցչության ղեկավար Նելսոն Մարգարյանը և ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: Բարեգործական համերգի կազմակերպչական խմբի ղեկավարներ՝ Նաիրա Նիազյանն ու Թովմաս Ոսկանյանը ապրիլ ամսվա վերջին ողջ հասույթը անձամբ կբերեն Հայաստան և կհետևեն աշխատանքների բարեխիղճ կատարմանը։

Աննա Ալեքսանյան

Մոսկվա