Քաղաքի գեղեցիկ և նորաձև սրճարաններից մեկում նստած՝ սպասում եմ զրուցակցիս և ուրախությամբ մտածում վերջին տարիների ընթացքում հայկական նորաձևության ոլորտում տեղի ունեցող զգալի առաջընթացի մասին. դիզայներ-մոդելավորողների շարքերը համալրվում են նոր անուններով, մարդիկ սկսում են գնահատել դիզայներական աշխատանքները, երիտասարդները ձգտում են տարբերվել իրենց յուրահատուկ ոճով, ոճաբանների աշխատանքի հանդեպ պահանջարկը մեծանում է, շուկան նվաճում են նորանոր հայկական բրենդեր, ստեղծվում է ազատ մրցակցություն: Այդ դրական մտքերի շարանն ընդհատվում է զրուցակցիս՝ դիզայներ-մոդելավորող Արմինե Այանյանի, բարձրակրունկների կտկտոցով: Երիտասարդ և ոճային Արմինեն արդեն երկրորդ տարին է, ինչ սեփական Ամի Մանայ (Ami Manay) բրենդի անվան տակ աշխատում և ստեղծագործում է հայ նորաձևության սիրահարների համար՝ ստեղծելով յուրահատուկ, էլեգանտ ու շատ կանացի հագուստ և աքսեսուարներ: Հագուստի մոդելավորման առաջին քայլերը նա կատարել է Մոսկվայում՝ մասնագիտական դասընթացների ժամանակ:

Ողջույնի խոսքեր փոխանակելուց հետո անցում կատարեցինք բուն թեմային:

Արմինե՛, մի քիչ պատմիր քո մասին: Ինչպե՞ս ծագեց նորաձևության ոլորտ մուտք գործելու միտքը, ինչպե՞ս ստեղծվեց Ամի Մանայ բրենդը: Եվ ինչո՞ւ հենց այդպես անվանեցիր:

Մասնագիտությամբ հոգեբույժ-խորհրդատու եմ, ինձ մի շարք մասնագիտություններում եմ փորձել, սակայն առավել քան հստակ էր, որ ի վերջո հասնելու եմ նորաձևության ոլորտին, դա պարզապես ժամանակի հարց էր: Ես սկսել եմ ստեղծել հագուստն ինձ համար և իմ ճաշակին համապատասխան, այնուհետև ցանկություն առաջացավ ստեղծելու այնպիսի հագուստ, որը ժամանակի ու տարածության սահամանափակում չի ճանաչում: Ամի Մանայը հենց այդպիսին է՝ ոգեշնչված է կանացիությունից և տուրք է դրան: Իսկ բրենդի անվանումը հին ծագում ունի, այն կապված է մանկությունիցս եկած պատմության հետ. քույրիկս էր ինձ այդպես դիմում:

Քո «թարմ» աչքով ինչպե՞ս կգնահատես նորաձևության ոլորտի մակարդակը Հայաստանում:

- Վերջին շրջանում բավական մեծ դրական տեղաշարժեր են կատարվում, ինչն ինձ շատ է ուրախացնում: Մենք բավական բարձրակարգ դիզայներներ ունենք: Առաջին հայացքից անհավանական է թվում, որ այսքան փոքր երկրում այդքան՝ միջազգային մակարդակի ոճաբաններ կան: Իհարկե, նորաձևության մակարդակը միայն դիզայներների ու ոճաբանների քանակով ու որակով չէ որոշվում, պետք է հաշվի առնել նաև հասարակության լայն շերտերի ճաշակը, ոճն ու նորաձև հագնվելու ձգտումը: Երբ դեռ նոր էի եկել Ռուսաստանից, վիճակն ավելի տխուր էր, սակայն գնալով առաջընթացն էլ ավելի նկատելի: Այժմ նորաձև լինել ձգտող երիտասարդները չեն բավարարվում միայն խանութներում ներկայացված տեսականիով, շատերը փորձում են տարբերվել և դիմում են դիզայներների ու ոճաբանների օգնությանը:

Համամիտ եմ հետդ, քիչ առաջ նույն բանն էի մտածում: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչո՞վ է առանձնանում հենց քո բրենդը, ինչո՞վ ես զարմացնելու քմահաճ, բայց հիմնականում անփորձ հայ հաճախորդին, որը, ինչպես նշեցիր, առաջին քայլերն է անում սեփական ոճը ստեղծելու ճանապարհին:

- Ինձ ոգեշնչում է կանացիությունը, ես այն նաև «թաքնված սեքսուալություն» եմ անվանում: Կանացիությունը միշտ ակտուալ է, միշտ գեղեցիկ, այն նորաձևությունից վեր է ու միշտ սպասված: Այսպիսին են բոլոր այն հագուստներն ու աքսեսուարները, որոնցով Ամի Մանայ բրենդը ներկայանում է իր հաճախորդին: Ի դեպ, պետք է ասել, որ մեր հաճախորդը միայն հայ չէ: Կանացիության այս դրսևորումները նաև պետությունների սահմաններ չեն ճանաչում:

Իսկ ո՞վ է քո պոտենցիալ հաճախորդը:

- Այս երկու տարվա ընթացքում բազմաթիվ հաճախորդներ եմ ունեցել, որոնք թե՛ տարիքով, թե՛ ոճով, թե՛ ճաշակով տարբերվել են միմյանցից: Չեմ կարող որևէ հստակ բան ասել այդ առիթով, միայն կնշեմ, որ իմ պոտենցիալ հաճախորդը հոգու խորքում «լեդի» է՝ նրբագեղ, բայց ուժեղ, համարձակ, բայց ոչ գռեհիկ, սեքսուալ, բայց ոչ վուլգար: 

Արդյո՞ք հանդիպում ես խոչընդոտների քո առաջխաղացման ճանապարհին:

- Որպես այդպիսին խոչընդոտներ չեմ ունեցել, սակայն Հայաստանում իսկապես բավական բարդ է նոր բան սկսելը: Բավարար չէ մարդկային ռեսուրսը, կտորների տեսականին միանման է, բազմազանություն չկա: Այսինքն՝ կարող ես երևակայությանդ զարկ տալ, բայց դրա իրագործման հարցում դժվարությունների հանդիպել: Ես երբեմն ստիպված եմ լինում Մոսկվայից կտորներ ներմուծել:

Վերջին ժամանակներում նկատել եմ, որ բացի հագուստից ներկայացրել ես նաև զարդերի և աքսեսուարների ինքնատիպ տեսականի: Կպետմե՞ս՝ ինչպես ստեղծվեցին այդ հավաքածուները:

- Որևէ կերպար ամբողջական չէ առանց ճիշտ ընտրված, ճաշակով աքսեսուարների: Դրանք ոչ միայն լրացնում են կերպարն, այլև ընդգծում կրողի յուրահատուկ ոճը, տարբերում նրան բոլորից, տրամադրություն հաղորդում հագուստին: Այս միտքն էլ ստիպեց ինձ արծաթե զարդեր՝ մատանիներ, ականջողեր, թևնոցներ, ինչպես նաև վարսակալներ ու ինքնատիպ ապարոշներ ստեղծել: Առաջիկայում պլանավորում եմ նաև կոշիկ ու պայուսակ ներկայացնել:

Առջևում տոներն են՝ սիրո տոնը, կանանց միամսյակը: Այդ կապակցությամբ, կարծում եմ, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ Ամի Մանայ բրենդի վարած գնային քաղաքականությանը:

- Իմ ստեղծած հագուստն ու աքսեսուարներն էժան անվանելը ճիշտ չի լինի, իհարկե: Ինչպես նշեցի, ես շատ հաճախ ստիպված եմ լինում կտորները բերել Մոսկվայից, զարդերս էլ արծաթից են, իսկ ապարոշները՝ ինքնատիպ և միայն մեկ օրինակով: Բացի այդ ես մեծ ուշադրություն եմ դարձնում իմ արտադրանքի որակին և միշտ մատուցում եմ հաճախորդին գնին համապատասխան բարձրորակ ապրանք, որը երկար կծառայի և կուրախացնի իր տիրոջը: Սակայն, անկախ այդ ամենից, Ամի Մանայ բրենդի գները բավականին մատչելի են, իսկ տոներին նաև գործում են բավակն մեծ զեղչեր: Ուստի, կարծում եմ, նորաձև աղջիկները կկարողանան իրենց թույլ տալ թարմացնել սեփական կերպարը Ամի Մանայ բրենդի որևէ օրիգինալ դետալով: Տղամարդիկ էլ հեշտությամբ կարող են նվերներ ընտրել իմ հավաքածուներից իրենց սիրելի կանանց համար : Ես անձամբ կօգնեմ նվերի հարցում կողմնորոշվելու հարցում:

Եվ վերջում կուզեի իմանալ՝ ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում: Ներկայանալո՞ւ ես արդյոք հանրության դատին նորաձևության ցուցադրությամբ:

- Այո՛, ցուցադրություն անպայման կլինի, ցանկացած դիզայներ, իր առաջին հագուստը ստեղծելիս, մտովի պատկերացնում է, թե այն ինչպես պիտի ներկայացնի պոդիումի վրա: Ուստի դա էլ է ժամանակի հարց:

Զրույցը՝ Յուլիաննա Լալաբեկովայի