Հունական ավանդական սառը սոուս-խորտիկ ձաձիկի. այն նրբագույն ու անուշահամ հրաշք է: Այն շատ համահունչ է տաք հացի, կարտոֆիլի, տապակած ձկի, խորոված կամ տապակած մսի, բանջարեղենների և աղցանների հետ:

Ներկայացնում ենք այս հրաշք սոուսի պատրաստման եղանակը.

Մեզ անհրաժեշտ կլինի՝

  • մեծ թարմ վարունգ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 ճգ որակյալ ձիթապտղի յուղ
  • 500 գր ոչ քաղցր խիտ յոգուրտ
  • թարմ սամիթի փոքրիկ կապոց
  • թարմ անանուխի մի քանի տերև
  • 1 լիմոն
  • 1 թգ չորացրած անանուխ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը՝

Բաժանեք վարունգը երկու մասի և գդալով հանեք միջուկը, քանի որ այն պարունակում է ջրային մեծ մաս, իսկ մնացած մասն անցկացրեք քերիչով:

Քերած վարունգը դրեք քամիչի մեջ, ավելացրեք աղ և թողեք մի քանի ժամ կամ գիշերը, որպեսզի այն մաքսիմալ ջրազրկվի: Կարող եք մի քանի անգամ խառնել: 

Սխտորն անհրաժեշտ է մանրացնել և մեծ տարրայի մեջ խառնել ձիթապտղի յուղի հետ: Կարելի է այս խառնուրդը ևս մի քանի ժամով հանգիստ թողնել, որպեսզի համն ավելի հագեցված լինի: 

Երբ վարունգի հեղուկի մեծ մասը կհոսի, անհրաժեշտ է այն դնել սրբիչի վրա և զգուշորեն չորացնել: Այնուհետև խառնել սխտորի խառնուրդի հետ ու ավելանել յոգուրտը և խառնել մինչև միատարր զանգված դառնալը: 

Ավելացնել մանրաված սամիթն ու անանուխի տերևները, լիմոնի քամված հյութը: Ավելացնել աղ՝ ըստ ցանկության: 

Հիանալի սոուսը պատրաստ է: Կարելի է մատուցել:

YN.am-ը մաղթում է բարի ախորժակ, իսկ հետևելով մեր «խոհանոց» անկյունին կարող եք գտնել բազմաթիվ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր:

Նշենք, որ Հունաստանում օգտագործվող յոգուրտը կարելի է փոխարինել մեր խոհանոցում կիրառվող քամած մածունով: