Երբ երեխաներին ինֆեկցիոն հիվանդություններից բուժելու համար հակաբիոտիկներ են նշանակում, շատ ծնողներ, վախենալով, որ երեխայի մոտ կարող են սնկային բարդացումներ առաջանալ, պահանջում են, որ բժիշկը նաեւ հակասնկային դեղամիջոցներ նշանակի։ Որքանո՞վ են արդարացված նրանց մտավախությունները, եւ պե՞տք է երեխաներին հակաբիոտիկների հետ միասին հակասնկային դեղեր տալ կանխարգելիչ նպատակով։

Ինչ–որ ժամանակ հենց այդպես էլ անում էին, սակայն այսօր այդ մոտեցումն արդեն հնացած է համարվում։ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանը նշեց, որ այսօր կանխարգելիչ նպատակներով հակասնկային դեղամիջոցներ են դուրս գրվում միայն եզակի դեպքերում, երբ հիվանդի մոտ, անկախ տարիքից, մի շարք հիվանդություններ կան, որոնք բարձրացնում են սնկային բարդացումների ռիսկը (ծանր ուղեկցող հիվանդություններով, թուլացած իմունիտետով, օրգանների փոխպատվաստում տարած հիվանդներ եւ այլն)։

Մնացած բոլոր դեպքերում խորհուրդ չի տրվում կանխարգելիչ նպատակներով հակասնկային դեղամիջոցներ խմել։ Եթե երեխան ընդհանուր առմամբ առողջ է եւ ոչ մի լուրջ ուղեկցող հիվանդություն չունի, նա, ամենայն հավանականությամբ, հակաբիոտիկների կուրսից հետո բարդացումներ չի ունենա։ Վերջին հաշվով, նման բարդացումների զարգացման ռիսկը մեծ չէ։ Մասնագետը նշեց, որ հակաբիոտիկների երկարատեւ թերապիայի ժամանակ, ըստ որոշ հետազոտությունների, 200 000-500 000 հիվանդից միայն մեկի մոտ կարող են առաջանալ լուրջ սնկային բարդացումներ։ Կարճ կուրս ընդունելու դեպքում այդ ռիսկն ավելի փոքր է։

Այսպիսով՝ 200 000 մարդկանց համար ոչ մի իմաստ չկա թանկարժեք դեղեր խմել (նորմալ հակասնկային դեղամիջոցի ամեն մի հաբն արժի 6000-7000 դրամ) նրանցից միայն մեկի մոտ սնկերը կանխելու համար։ Առավել եւս, եթե հիվանդի մոտ ամեն դեպքում ինֆեկցիա լինի, նա հակասնկային դեղեր խմելու է այն նույն քանակությամբ, որքան կանխարգելիչ նպատակների դեպքում։

Մասնագետը նշեց, որ կա նաեւ ուրիշ պատճառ, թե ինչու կանխարգելիչ նպատակներով հակասնկային հաբեր խմել խորհուրդ չի տրվում։ Այդ դեղերի նկատմամբ, հակաբիոտիկների նման, օրգանիզմը ձեւավորում է իմունիտետ։ Դա նշանակում է, որ եթե մենք առանց անհրաժեշտության խմենք հակասնկային դեղեր, այդ դեղերի նկատմամբ կայուն սնկերի քանակը արագ կաճի, եւ կարող է վրա հասնել մի պահ, երբ սնկային ինֆեկցիաները, որոնց նկատմամբ դեղերն անզոր են, կսկսեն սպանել հարյուր հազարավոր մարդկանց։

Հենց այդ պատճառով, եթե Ձեր երեխային հակաբիոտիկներ են նշանակել, պետք չէ պահանջել նաեւ հակասնկային դեղեր. դրանց կարիքն, ամենայն հավանականությամբ, ուղղակի չկա։