Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգիչ Մհերը «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում ուղղում է հաղորդավար Արտակ Վարդանյանին։ Վերջինս ուղիղ եթերում հայտնում է. «Ի դեպ, այսօր նաև ծնվել է Գեորգի Մինասյանը։ Սիրված արտիստն այսօր տոնում է իր տարեդարձը»։ Մհերը ուղղելով Արտակի խոսքը՝ ասում է. «Ինչպես է նշում իր տարեդարձը, Գեորգի Մինասյանը չկա»։ հատկանշական է, որ տեսանյութը համացանցում հայտնվեց այն բանից հետո, երբ նույն հաղորդման շրջանակում Դիանա Մալենկոն Մհերի քրոջ նոր տեսահոլովակը նմանեցրեց Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակին։

Tert.am Life–ը կապ հաստատեց Մհերի հետ։ Նա ասաց, որ այստեղ ոչ մի սկանդալ չի տեսնում։ «Ոչ մի սկանդալ չկա։ Դիանա Մալենկոն՝ որպես հաղորդավարուհի հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը։ Նմանակում ընդհանրապես չկա։ Միգուցե, Ռոզային են նմանեցնում։ Տեսահոլովակը ես եմ նկարել և ընդհանրապես չեմ էլ ճանաչում այդ երգչուհուն։ Դա մեր մտահղացումն է եղել։ Աթոռը, որը խոսակցությունների հիմք է դարձել, ասեմ, որ 10 տարուց ավելի է՝ դրված է առևտրի կենտրոններից մեկում։ Անգամ աթոռի գույներն են տարբեր։ Այնքան տեսահոլովակներ կան աթոռով, որ պարզապես ծիծաղելի է անգամ քննարկել դա։ Հետո էլ մարդ կարող է հայտնել իր կարծիքը, մենք դրանից չենք նեղվում, չենք վիրավորվում»,– ասաց Մհերը։