Ծնողներից շատերն են այսօր իրենց երեխաներին նստեցնում հեռուստացույցի կամ համակարգչի մոնիտորի առաջ եւ մուլտֆիլմեր միացնում. մինչ երեխաները զբաղված են, ծնողները մի փոքր ազատ ժամանակ են ունենում, որն իրենց են նվիրում: Սակայն ինչպե՞ս են այս մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեբանության վրա:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց,որ մինչեւ 9-10 տարեկան երեխաները սովորաբար քննադատաբար եւ տրամաբանորեն մտածելու ընդունակ չեն՝ նրանք չեն հասկանում, թե ինչու է ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսը հենց այդպես վարվում, այլ ոչ թե ուրիշ կերպ, իսկ այն ամենը, ինչ նրանք տեսնում են էկրանին, որպես ճշմարտություն են ընկալում: Ավելին՝ երեխաներին հատուկ է ընդօրինակել այն ամենը, ինչ տեսնում են՝ փոքրիկները հաճախ են նմանակում մուլտֆիլմերի հերոսների դեմքի միմիկան եւ շարժումները, ձեւերն ու վարքագիծը:

Խնդիրն այն է, որ այն մուլտֆիլմերը, որոնց հերոսներին հատուկ են նրբանկատությունը, բարեսրտությունը, բարությունը եւ երեխայի համար այլ օգտակար որակները, այնքան էլ շատ չեն, ավելի շատ են ագրեսիվ եւ դաժան հերոսներով մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերում ագրեսիան երեխան չի ընկալում որպես ինչ-որ վատ բան, հետեւաբար նա կարող է ընդօրինակել ագրեսիվ հերոսների վարքագիծը:

Հոգեբանի խոսքով՝ չնայած այս ամենին, մանկական հոգեբանության համար միանշանակ օգտակար կամ վնասակար մուլտֆիլմեր գոյություն չունեն: Բնականաբար, երեխաներին պետք է հեռու պահել կոմերցիոն մուլտֆիլմերից, որոնք նախատաեսված են մեծահասակների համար: Ինչ վերաբերում է մանկական մուլտֆիլմերին, երեխայի հոգեբանության վրա դրանց ազդեցությունը կախված է բացառապես երեխայի ահատականությունից եւ բնավորությունից:

«Մաշան եւ արջը» մուլտֆիլմը, օրինակ, բավական բացասաբար է ազդում երեխաների մեծ մասի վրա՝ գերակտիվ երեխային Մաշայի կերպարը միայն «կփչացնի»: Բայց եթե երեխան կաշկանդված է, ներփակված, բարդույթավորված, Մաշայի կերպարը նրան կարող է օգնել բացվել, ավելի ազատ դառնալ:

Հոգեբանի խոսքով՝ երեխայի բնավորությունը ճանաչելով ծնողները նրա համար պետք է այնպիսի մուլտֆիլմեր ընտրեն, որոնք նրա վրա կարող են դրականորեն ազդել եւ ինչ-որ լավ բան սովորեցնել: Նաեւ չափազանց ցանկալի է, որ նրանք մուլտֆիլմեր դիտելիս նստեն երեխաների կողքին եւ նրա հետ մանրամասն քննարկեն տեսածը. նախ՝ երեխային պետք է բացատրել, թե ինչու է հերոսն այնպես վարվում, ինչպես վարվել է, նա լավ, թե վատ արարք է կատարել եւ ինչ կարելի է սովորել տեսածից: Երկրորդ՝ երեխային կարելի է հարցեր տալ. ինքն ի՞նչ կանի նման իրավիճակում հայտնվելիս: Ի՞նչ է զգում հերոսների արարքներին հետեւելիս: Այս հարցերի պատասխանները որոնելիս երեխան ավելի լավ է հասկանում տեսածը եւ սովորում է մտածել, վերլուծել: Դրա շնորհիվ նա այլեւս կուրորեն չի պատճենի հերոսների վարքագիծը, նա կսովորի աշխարհը եւ իրեն շրջապատող մարդկանց ճանաչել:

 Աղբյուր՝  NEWS.am