Ուկրաինական «Обозреватель» պարբերականը գրում է, որ ռուսական ԶԼՄ-ները թյուր հայտարարություն էին տարածել Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Գերաշենկոյի անունից Արծվիկ Հարությունյանի՝ «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու հնարավոր արգելքի մասին: Ըստ ԶԼՄ-ի՝ Գերաշենկոն իսկապես ասել է, որ պատրաստվում է ստուգել արդյոք մասնակիցներն այցելե՞լ են Ղրիմ, թե՞ ոչ, սակայն առանձնահատուկ Արծվիկի անունը չի նշվել:

Ներքին գործերի նախարարը նաեւ հավելել է, որ այս պահի դրությամբ Արծվիկի եւ մյուս մասնակիցների կողմից Ուկրաինայի օրենքի խախտման որեւէ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայություններն արգելել են «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: Այս մասին գրում է «Газета»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայային։

Նրա խոսքով՝ արգելքը Սամոյլովայի համար կգործի երեք տարի։

«Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով նրա կողմից Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու վերաբերյալ ստացված տեղեկությունները»,-գրել է Գիտլյանսկայան իր ֆեյսբուքյան էջում։

«Եվրատեսիլ» մրցույթն այս տարի անց է կացվելու Կիեւում: Արծվիկը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ, որը կայանալու է մայիսի 9-ին: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 13-ին: