Երկու օր առաջ հայկական մամուլում հայտնված Գայանե Ասլամազյանի ամուսնության մասին լուրերը շարունակում են մնալ ամենաքննարկվող թեման: Շատերի համար հաղորդավարուհու ամուսնության լուրն իսկապես անսպասելի էր: Ու մինչ հարսանեկան խնջույքի լուսանկարներն ու տեսագրությունները շարունակում են քննարկվել Գայանեի բազմաթիվ երկրպագուների կողմից, BlogNews.am-ը շնորհավորելու, տեղի ունեցածի մասին որոշ մանրամասներ պարզելու համար կապ է հաստատել հաղորդավարուհու հետ, ով ամուսնությունից հետո առաջին անգամ խոսել է իր կյանքում վերջին երկու օրերին տեղի ունեցած անչափ կարևոր իրադարձության մասին։

Մեր այն հարցին, թե ինչպես է եղել ամուսնության առաջարկը, Գայանեն ասաց, որ սովորաբար չի խոսում նման թեմաներից, սակայն նշեց, որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր, անկեղծ ու համոզիչ. «Այնքան համոզիչ, որ ես հիմա այստեղ եմ՝ նրա կողքին»։

Պարզվում է՝ հաղորդավարուհին Երևանից նախորդ օրն է միայն մեկնել ԱՄՆ. «Կիրակի օրն եմ Երևանից թռել ԱՄՆ և երկուշաբթի երեկոյան նոր տեղ եմ հասել»: Հայաստանում զույգն ամուսնության կապակցությամբ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ։ ԱՄՆ ժամանելուց հետո զույգը խնջույքը շարունակել է Լոս Անջելեսի ժամանցի վայրերից մեկում:

Հաղորդավարուհին նշեց, որ չի պատրաստվում երկար ժամանակ մնալ ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով հայրենիքից դուրս որևէ գործունեությամբ զբաղվելու պլաններ չունի. «Ընդամենը մի քանի ամիս եմ պատրաստվում մնալ այստեղ, հետո ամուսնուս հետ վերադառնալու եմ Երևան: Ես շատ եմ սիրում իմ հաղորդավարական աշխատանքը և այն կապը, որը ունեմ իմ հեռուստադիտողի հետ «Բարի լույսի» միջոցով: Բարեբախտաբար, ամուսինս էլ այնպիսի մարդ է, ով լիովին հասկանում է ինձ, սատարում ամեն հարցում: Նրա համար շատ կարևոր է, որ ես ինձ լավ զգամ։ Մասնագիտությանս առումով բացարձակ ոչ մի կերպ նա ինձ չի սահմանափակում: Այնպես որ, ես դեռ եթերում հանդիպելու եմ իմ հեռուստադիտողի հետ»:

Այն հարցին, թե արդյոք որդին ևս Գայանեի հետ է ԱՄՆ-ում, Գայանեն պատասխանեց, որ առանց որդու է ԱՄՆ ուղևորվել. «Տղաս ինձ հետ չէ, նա սովորում է ու հիմա իր սովորական առօրյայով է զբաղված Երևանում»: Նշենք, որ Գայանե Ասլամազյանի ամուսինը պրոդյուսեր Օնչո Ջիանին է, ով ներկայումս բնակվում է Գլենդելում: