BlogNews.am-ը գրում է.

Հոգեբանները պնդում են, որ մարդու մասին ավելի շատ բան կարող են պատմել նրա աշխատասենյակն ու աշխատասեղանը, քան ինքը կպատմի իր մասին: Նայելով մարդու աշխատանքային միջավայրին՝ կարելի է եզրահանգումներ անել նրա անձնային հատկանիշների, հետաքրքրությունների և բնավորության առավել վառ արտահայտված գծերի մասին:

BlogNews.am-ը նոր, հետաքրքրիր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողին կներկայացնի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին կփորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Առաջինն այցելել ենք ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Աշխատասենյակն առաջինը գրավում է իր բաց և լուսավոր գույներով, գեղեցիկ , զուսպ կահավորանքով և տարբեր անկյուններում դրված ծաղիկներով:

Ոչ մի անձնական և ավելորդ իր աշխատասեղանին
Արփինե Հովհաննիսյանից առաջ այս աշխատասենյակում ոչ ոք չի աշխատել, այնպես որ նոր վերանորոգման կարիք չի եղել, սենյակում ամեն ինչ իր ճաշակով և ցանկությամբ է:
Աշխատասեղանին չես գտնի անձնական որևէ իր, չկան լուսանկարներ: Տիկին նախարարն այս հարցում ինտրովերտ է. միայն աշխատանքին վերաբերվող ամենաանհրաժեշտ բաներն են ձեռքի տակ և ոչ մի խանգարող ու ավելորդ իր:
«Ես իմ բոլոր աշխատասենյակներում առհասարակ ինձ «տանն եմ զգացել» և լուսանկարների ու այլ անձնական իրերի շնորհիվ «տնային» մթնոլորտ ստեղծելու կարիք չի եղել: Միայն մի քանի սիմվոլիկ հուշանվերներ ունեմ աշխատասեղանիս, որոնք պարզապես հավանել եմ բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Օրինակ այս բուն, որպես իմաստության խորհրդանիշ, և այս A տառը, որն իմ անվան առաջին տառն է խորհրդանշում»:

«Աշխատասենյակն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի և տրամադրի աշխատել: Լինում են օրեր, երբ ես այստեղ եմ անցկացնում 12-14 ժամ, պետք է ոչինչ չճնշի և լրացուցիչ հոգնածության պատճառ չդառնա»:
«Իմ սեղանը պարբերաբար լցվում է. սեղանիս հայտնվում են շատ թղթեր, բայց դրանք ոչ թե չարված աշխատանքի կուտակման մասին են խոսում, այլ՝ ընթացիկ պրոցեսի մասին»:
Այս պահին տիկին նախարարի սեղանին են «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և «Ազդարարման մասին» օրենքների նախագծերը:
«Հարմարավետ աշխատանքային միջավայրը ենթադրում է, որ դու պետք է քեզ շրջապատես պրոֆեսիոնալ մարդկանցով: Եվ այսօր ես կարող եմ հպարտանալ, որ արդարադատության նախարարությունում երիտասարդ և բանիմաց մասնագետների շատ լավ թիմ է հավաքված, ովքեր հիանալի են կատարում իրենց աշխատանքը»:

Գրքեր
Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակում ամենաշատ տեղը գրքերն են զբաղեցնում՝ մասնագիտական գրականությունից մինչև գեղարվեստական գրքեր:

«Աշխատավայրում գեղարվեստական գրքեր կարդալու ժամանակ չունեմ: Երբեմն կարող եմ վերցնել այս գրքերից մեկը և որևէ միտք դրա միջից վերընթերցել ու վերհիշել: Կարդում եմ տանը և աշխատանքի գալու ճանապարհին: Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր՝ սյուռեալիզմից մինչև ռոմանտիկա, միստիկա, փիլիսոփայություն և այլն: Վերջերս նոր սովորություն է մոտս. մի քանի գիրք միաժամանակ եմ կարդում: Օրինակ այս պահին կարդում եմ Սուն Ցզի «Ստրատեգիայի արվեստը», Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը» և Մարգարետ Թեթչեր «Պետության կառավարման արվեստը»:

Բոլոր գրքերից զատ մշտապես նրա սեղանին է Գրիգոր Նարեկացին:
«Ինչքան էլ կարդաս Նարեկացի, միևնույն է այն ամբողջությամբ չես կարող հասկանալ ու վերլուծել: Չես կարող խորությամբ հասկանալ այն աստվածային կատարելությունը, որին նա ձգտում է»:

Ամենագեղեցիկ քաղաքական գործիչների շարքում ներառված լինելը չի պարտավորեցնում
Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանը դիմահարդարվում է արդյոք աշխատասենյակում, տիկին նախարարը ժպտալով պատասխանեց.
«Լինում են օրեր, որ այստեղ եմ դիմահարդարվում, լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում»:
Այն փաստը, որ իրեն հաճախ են ներառում աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների շարքերը, չի պարտավորեցնում միշտ դիմահարդարված լինել:
«Այդ ամենին վերաբերվում եմ պարզապես որպես մի փաստի: Իհարկե հաճելի է, բայց միայն այդ հրապարակումները չեն, որ ինձ պարտավորեցնում են միշտ գեղեցիկ և խնամված լինել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դա իմ էությունն է, ես պետք է ներդաշնակ լինեմ ինքս ինձ հետ»:

Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել
Հայաստանում իրականությունը միշտ ավելի առաջ է, քան վերաբերմունքը: Գուցե տեսակիս պատճառով ես քաղաքականության մեջ ամենից շատ քննարկված մարդկանցից մեկն եմ: Քննարկվել եմ երիտասարդության, արտաքին տեսքիս և սեռիս պատճառով: Ինձանից հետո շատ ավելի հեշտ է դարձել այս նույն ճանապարհով անցնելը: Ես հայ հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարի վերաբերյալ կարծրատիպեր եմ կոտրել: Ինքս էլ չեմ գիտակցել, թե ինչ մեծ և ծանր բեռ եմ իմ ուսերին վերցնում: Բայց արդյունքում վերցրել եմ և փորձել չտատանվել որոշմանս մեջ: Ինձ համար մոտիվացիա է եղել, որ ես ինչ-որ մեկի համար լավ բան եմ անում, ինչ-որ բան եմ փոխում, համակարգ եմ փոխում: Երբեք չեմ հիասթափվել և փոշմանել, միայն հոգնել եմ, ինչն էլ տևել է շատ կարճ:

Եթե ճանապարհ ես որոշում գնալ, կես ճանապարհից ետդարձ չկա, միայն առաջ. Հետ տանող ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

Նյութի աղբյուրը՝  BlogNews.am