Երբեմն վիտամինների եւ հանքանյութերի պակասն ավելի քան ակնհայտ նշաններ է ունենում, որոնք արտահայտվում են մարդու արտաքնի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նշաններից մի քանիսը:

Արյունահոսող լնդեր

Լնդերի արյունահոսությունը կարող է վկայել C վիտամինի պակասի մասին: Այս վիտամինի պակասը նաեւ մկանային ցավ ու իմունիտետի թուլացում է առաջացնում: Եթե ձեզ մոտ երեք ախտանշաններն էլ առկա են, աշխատեք բուլղարական պղպեղ եւ ցիտրուսայիններ ավելի շատ ուտել: Եթե չօգնի, բժշկի դիմեք:

Չոր եւ դյուրաբեկ մազեր

Չոր, դյուրաբեկ մազերը կարող են վկայել բիոտինի եւ B7 վիտամինի պակասի մասին: Ձեր սննդակարգի մեջ ավելացրեք ձկնեղեն, բանջարեղեն, մրգեր, սնկեր եւ լոբազգիներ՝ օրգանիզմում սնուցող այս նյութերի մակարդակը վերականգնելու համար:

Գունատ մաշկ

Եթե ձեր դեմքը մշտապես կարմրություն է ունեցել, իսկ վերջին շրջանում մաշկը գունատվել է, սա կարող է B12 վիտամինի պակասի նշան լինել: Սննդակարգում ավելի շատ ծովամթերքներ, միս եւ կաթնամթերքներ ներառեք, որոնք այս վիտամինի հրաշալի աղբյուր են: Սակայն եթե գունատությունը չի անցնում, բժշկի հետ խորհրդակցեք:

Դժգույն շուրթեր

Սովորական գույնը կորցրած դժգույն շուրթերը կարող են վկայել երկաթի պակասի մասին, որի դեպքում մարդիկ նաեւ մշտական դող են զգում: Սննդակարգի մեջ ավելի շատ ընդեղեններ, լոբի, միս եւ մուգ կանաչ բանջարեղեն ներառեք՝ օրգանիզմում երկաթի պարունակությունը մեծացնելու համար:

Այտուցներ աչքերի տակ

Իհարկե, աչքերի տակ այտուցները կարող են շատ պատճառներով առաջանալ: Օրինակ՝ քնի պակասի: Սակայն եթե նորմալ եք քնում, աչքերի տակ այտուցները կարող են վկայել օրգանիզմում յոդի պակասի մասին: Այն լրացրեք յոդացված աղի, ծովամթերքի եւ կաթնամթերքի միջոցով: