Dialogue.am-ը գրում է.

Ծնելիության աճի խթանումը և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին դեռևս Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանում: Նորություն չէ, որ շատ ու շատ ընտանիքներում անգամ երիտասարդ զույգերը, պայմանավորված առողջական մի շարք խնդիրներով, չեն կարողանում բնական ճանապարհով երեխաներ ունենալ, իսկ անպտղության բուժումը հաճախ ահռելի գումարներ է պահանջում և մեծ ժամանակ։

2015-ին գործադիրը հաստատեց մի որոշում, որով անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կփորձեր միջամտել հասարակության խոցելի խավի ծնելիության հետ կապված խնդիրների լուծմանը։

Նշենք, որ Հայաստանում անցկացված ընտանիքի հետազոտության վերջին տվյալներով՝ զույգերի համար անպտղությնա միջին ցուցանիշը 16.8% է:

Dialogue.am -ի «Սոցիալական իրավունք» շարքն անդրադառնում է բյուջետային ծրագրին, գործելակարգին, շահառուների խմբի ընտրության չափորոշիչներին ու արդյունավետությանը։

Արդեն 3 տարի շարունակ (2015, 2016, 2017) հատուկ այս ծրագիրը կյանքի կոչելու համար՝ կառավարությունը պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացնում է 78 միլիոն 378 հազար դրամ։

Հետաքրքրող հարցին, թե քանի ընտանիք է պետության աջակցությամբ երեխայի ծննդյան բերկրանք ապրել, Առողջապահության նախարարությունը հրաժարվեց բյուջետային ծրագրի արդյուվետության մասին թվերով խոսել՝ մեկնաբանելով, թե պետության միջամտությունը սահմանափակվում է բացառապես կնոջը արեստական բեղմնավորմանը նախապատրաստող մի շարք հետազոտություններն իրականացնելով, ընդգծելով, որ արհեստական բեղմնավորման դեպքերում հիմնականում երրորդ փորձն է հաջողությամբ ավարտվում։

Այդուհանդերձ, ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան մեզ հետ մասնավոր զրույցում խոստովանեց՝ «նախարարությունը կառավարության հետ համատեղ արդեն ունի 10-ը թոռնիկ, իսկ դա 2 տարիների դեպքում բավականին բարձր ցուցանիշ է», ասում են՝ գոհ ենք։

Այս տարի ԱՆ-ի հետ «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ» բյուջետային ծրագրի շրջանակներում բուժսպասարկման պետպատվերի պայմանագիր կնքել են այս ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող 3 ԲԿ-ներ, հետևաբար միայն նրանք են իրավասու սպասարկել նախարարության կողմից ընտրված շահառուներին։

Կլինիկաների ցանկը

«Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»
«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ»
«Շենգավիթ» ԲԿ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

պետության կողմից երաշխավորված ծրագիրը չի ներառում արտամարմնային բեղմնավորում կամ փոխնակ մայրություն։

Ծրագիրն ընդհանուր առմամբ շահառուին հնարավորություն է տալիս նախապատրաստվել արտամարմնային բեղմնավորման, այսինքն մատուցվում են մինչ այդ անհրաժետ բժշկական բոլոր ծառայությունները այդ թվում զանազան հետազոտություներ և այլ միջամտություններ։

Դրանք են՝

1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և համալիր հետազոտություններ

2) եթե առկա է արտամարմնային բեղմնավորման վերաբերյալ բժշկի գրավոր հիմնավորումը, ապա մինչև այդ իրականացվող հետազոտությունները

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում (առավելագույնը 6 փորձ՝ երեք դաշտանային պարբերաշրջանում մինչև 6 սերմնավորում)

ՎՕՏ-ի կիրառմամբ՝ յուրաքանչյուր շահառուի առավելագույնը մեկ ուղեգրիհնարավորություն է տրվում:

Ովքեր են համարվում ծրագրի շահառուներ․․․

Ծրագիրի շահառու դառնալու համար կան հստակեցված նորմատիվներ, որոնք բավարարելու դեպքում միայն զույգը կարող է ստանալ պետության աջակցությունը:

Այսպես ՝ պարտադիր է, որ ամուսիններից մեկը 2 տարի շարունակ և ավելի տառապի անպտղությամբ, ով կունենան նաև վերարտադրողական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող ԲԿ-ի կողմից տրված օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական ցուցում, ինչպես նաև ընդգրկված կլինի ընտանիքների անապահովության ընտանեկան համակարգում։

Պետության կողմից երաշխավորված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՈՎ իրավունք ունեն օգտվել, այն զույգերը, ովքեր ընտանիքների անապահովության համակարգում ունեն 30.00 և ավելի բարձրանապահովության միավոր:

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՈՎ (50% զեղչ) օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված 10.00-ից մինչև 30.00անապահովության միավոր ունեցող նպաստառու կանայք և նրանց ամուսինները:

Զույգը միաժամանակ պետք է համապատասխանի նաև հետևյալ փաստական հանգամանքներին՝

ամուսնությունը օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված լինի, իսկ ամուսիներից մեկը՝ պարտադիր ՀՀ քաղաքացի
կինը լինի 20-ից 40 տարեկան
ամուսինները գրավոր համաձայնություն տան։
Ի դեպ, պետոնցիալ շահառուներին ու ծրագրում ընդգրկվել ցանկացողներին հարկ է տեղեկացնել, որ այս արտոնությունից կարող եք օգտվել միայն վերոնշյալ բոլոր նորմատիվներին միաժամանակ համապատասխանելու դեպքում, չնայած խորհուրդ է տրվում դիմել Առողջապահության նախարարությոն ամեն դեպքում։

Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել

Ծրագիրը կյանքի կոչելու համար՝ Առողջապահության նախարարությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է շահառուների ընտրությամբ։

Ծրագրի շահառու դառնալու համար՝ անձը պետք է այս հանձանժողովին դիմում ներկայացնի՝ կցելով նաև հետևյալ փաստաթղթերը․

անձնագրի և սոցիալական քարտի պատճենը
2 և ավելի տարի անպտղությամբ տառապելու փաստը հիմնավորող հետազոտական և վերարտադրողականության մեթոդի անհրաժեշտությունը հաստատաող բժշկական փաստաթղթեր
գրանցված ամուսնության մեջ գտվելու և ամուսիններից մեկի ՀՀ քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթղթերը
անապահովության համակարգում ընգրկված լինելու մասին փաստաթուղթ։
Դիմումը Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովը պարտավոր է քննարկել և գրավոր պատասխանել 7աշխատանքային օրվա ընթացքում։ Ի դեպ, շահառուն իրավունք ունի անձամբ մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Հանձնաժողովի եզրակացությունը ընդունվում է բաց քվեարկությամբ՝ նիստի մասնակիցների կեսից ավելիի ձայներով։ Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումը բավարարելու դեպքում՝ շահառուին տրամադրվում է հետևյալ ուղեգիրը (Կառավարության 568-Ն ​որոշում):

Հանձնաժողովի կողմից դիմումատուն պետք է անպայման տեղեկացվի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիայի ընտրված մեթոդի արդյունավետության եւ հնարավոր ելքի մասին:

Նյութի աղբյուրը՝ Dialogue.am