Ծխելուն առնչվող բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերաբերելու են ոչ միայն սովորական, այլեւ էլեկտրոնային ծխախոտին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե Հայաստանում ո՞ւմ է պատկանում էլեկտրոնայի ծխախոտի ներկրման մենաշնորհը, նախարարը նշեց. «Չեմ կարող ասել անգամ, արդյո՞ք մեր երկրում էլեկտրոնային ծխախոտի ներկրման մենաշնորհ կա: Եթե ենթադրենք, որ կա, այդ հարցը պետք է ուղղեք ոչ թե ինձ, այլ մաքսային ծառայությանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առիթով առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում հանրային վայրերում ծխելն արգելվելու է: Հանրությունն այս հայտարարությունը միանշանակ չընկալեց: Կարծիքներ հնչեցին, որ սա ուղղված է ոչ թե ծխելու դեմ պայքարին, այլ էլեկտրոնային ծխախոտի հանրայնացմանը, քանի որ, ոմանց կարծիքով, էլեկտրոնային ծխախոտ ներկրողները շահագրգռված են սովորական ծխախոտի դեմ պայքարի հարցում: