«Երբ տեսա Մասիս սարը, ձայնով սկսեցի լացել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց օրերս ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Շպռոտը՝ Անի Թովմասյանը:

Երգչուհին չէր եղել Հայրենիքում յոթ տարի, եւ, իր խոսքով, երբեք չէր պատկերացնի, որ այսքան կկարոտի Երեւանը.

«Երբ մենք մտանք Հայաստան, եւ ինքնաթիռից գիտեի, որ արդեն Հայաստանի սահմանում ենք, ու տեսա Մասիս սարը, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի բարձր ձայնով լացել: Գիտեք, ես ամեն օր տեսել եմ Մասիս սարը իմ պատուհանից ու յոթ տարի չէի տեսել այդ գեղեցիկ տեսարանը: Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս, չեմ հատավում, որ Երեւանում եմ: Մայրիկս եւ քույրիկս փուչիկներով եկել էին օդանավակայան՝ ինձ դիմավորելու, փաթաթվեցինք, լացեցինք, բայց դա, իհարկե, ուրախության արցունքներ էին: Անբացատրելի ապրումներ ունեցա»,-ասաց Շպռոտը՝ նշելով, որ երբ մեկնում էր Միացյալ Նահանգներ, չէր պատկերացնում, որ այդքան երկար ժամանակ չի կարողանա վերադառնալ.

«Երբեք չեմ պատկերացրել, որ կունենամ կարոտ, մենակություն... Ես չեմ իմացել, թե ինչ է մենակությունը, մինչեւ մենակ չապրեցի»:

 

Ճիշտ է՝ Անին ԱՄՆ քաղաքացիություն չի ստացել, բայց երկիրն իրեն հնարավորություն է տվել տեղաշարժվելու, եւ նա այսուհետ հաճախ կկարողանա գալ Հայաստան: Այս անգամ նա 20 օրով է եկել, Հայաստանից կմեկնի հուլիսի 10-ին, իսկ մինչ այդ՝ վայելում է մայրիկի, քույրիկի եւ ընկերների ներկայությունը: Ամենաառաջին վայրն, ուր նա այցելել է, Հյուսիսային պողոտան է. ընկերների հետ զբոսնել են, ընթրել: Երգչուհին շեշտեց՝ կարոտել էր նաեւ հայկական ուտեստների համն ու հոտը.

«Մամաս տեսակ-տեսակ համով բաներ էր պատրաստել, յոթ տարի չէի կերել: Մեզ մոտ ամեն ինչը շատ համեղ է, հիշողություններս վերադարձան: Մնք երջանիկ ենք, որ նման ջուր ունենք, որ կարող ենք ուղղակի ծորակը բացենք, խմենք, իսկ ԱՄՆ-ում դու չես կարող նման բան անել, ջուրը գնում ենք խանութից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատել քաղաքում, Շպռոտը պատասխանեց, որ մի փոքր դրական տեղաշարժ է տեսնում երթեւեկության մեջ. «Երեւանը շատ սիրուն է, մարդաշատ: Լոս Անջելեսում 22:00-ից հետո մարդ չես տեսնի փողոցում, որովհետեւ բոլորը աշխատանքից հոգնած գալիս են, քնում: Գիտեք՝ մեզ մոտ սերը շատ է: Երբ շատ ապահով ես, սերը մի տեսակ մարում է, իսկ երբ ինչ-որ բանի կարիք ունես, ջիգյարը շատ է: Ես ոչ թե ուզում եմ, որ մերոնք ապահովված չլինեն, այլ որ այդ ջիգյարը չպակասի»:

 

Շպռոի խոսքով՝ ինքը Հայաստանում ֆինանսապես ավելի ապահովված է եղել, վայելել է հանդիսատեսի սերը, երգել է, հաղորդումներ վարել ու դրա համար լավ վարձատրվել. այդ դեպքում՝ ի՞նչն է պահում նրան ԱՄՆ-ում.

«Այնտեղ շատ ավելի դժվար է կյանքը, բայց՝ ավելի ապահով: Դու գիտես, որ եթե քեզ նեղացրեցին, 5 րոպե անց կստանաս պաշպանություն՝ պետությունից: Արդարությունն այնտեղ ապահովված է: Ամեն ինչ շատ հեշտացված է, նույնիսկ հոսանքի գումարը վճարելը: Եթե համեմատում ես աշխատավարձդ եւ հոսանքի գումարը, դու հասկանում ես, որ քո ստացած աշխատավարձով ունես հնարավորություն վճարելու, իսկ այստեղ այլ է: Հատկապես՝ թոշակառուների հարցում: Այստեղ նրանք գնահատված չեն, ինչն ինձ համար շատ ցավալի է»:

Խոսելով ԱՄՆ-ում կարիերայի մասին, Շպռոտն ընդգծեց, որ հիմա ավելի շատ մտածում է կայուն եկամուտ եւ աշխատանք ունենալու մասին. «Առաջ ունեի ամբիցիաներ, որ համաշխարհային բեմեր դուրս գամ, բայց հասկացա, որ տարիքս արդեն այն չէ եւ անիմաստ է այս տարիքում նման բան անել: Ես այն մարդկանցից եմ, որն ապրում է ներկայով: Կուզեմ՝ ավելի կայուն եւ ֆինանսապես լավ աշխատանք ունենամ, որ կարողանամ գոնե մի քիչ հանգստանալ: 4-5 տարի է՝ չեմ մեկնել հանգստի»,-նշեց երգչուհին:

 

Մեզ հետ զրույցում երգչուհին կիսվեց նաեւ իր ամենանվիրական երազանքով.

«Շատ, շատ կուզեմ ընտանիք, երեխա ունենամ, որովհետեւ ժամը ժամից անցել է :)) Երբեք չէի պատկերացնի, որ դա ինձ համար խնդիր կլինի, բայց իրականում ես եմ մեղավոր: Մինչեւ 30 տարեկանս չէի պատկերացնում, որ կունենամ ընտանիք, երեխա, մտածում էի՝ աշխատաք, կարիերա, բայց հիմա զգում եմ, որ երեխա ունենալու ժամանակն է»:

Ի դեպ, Հայաստանում Շպռոտին նվիրված երեկոներ կլինեն, որին նա կմասնակցի: Երգչուհին ցանկանում է նաեւ գնալ Դիլիջան, եթե ժամանակը բավականեցնի:

Նյութի աղբյուրը` NEWS.am