Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն այսօր նշում է 30–ամյակը։ Երգչուհին կեսգիշերից սկսած բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ կեսգիշերին ընտանիքի անդամներն ու ընկերներն անակնկալ են մատուցել իրեն։

«Երբ կեսգիշերին Հայկոյի հետ տուն եկանք, մայրս, մորաքույրս ու տղաս տորթիկով մեզ էին սպասում։ Դրանից անմիջապես հետո մեր տուն եկան ընկերներս` Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանները։ Նրանք էլ փուչիկներով անակնկալի բերեցին և շնորհավորեցին ինձ։ Շատ շնորհակալ եմ իրենց, որ կողքիս են ու ուրախացնում են ինձ»,– ասաց Անահիտը։

Ի դեպ, Ալեքսանդր Բաբասյանի կինը` Լիլիթը, Ինստագրամում էլ լուսանկար է հրապարակել և գրառում արել. «Իմ Վասիլիյ, ծնունդդ շնորհավոր: Դու կարողանում ես ընկերություն անել, դու իսկական ես ու անկեղծ: Քո արտաքինը չի համապատասխանում քո ներքին աշխարհին, դու այնքան բարի ես, այնքան փխրուն: Շնորհակալ եմ, որ կաս: Շնորհակալ եմ, որ գտել եմ քեզ: 3 տարի առաջ ես ինձ խոստացել էի, որ էլ ոչ ոքի հետ ընկերություն չեմ անելու և իմ սիրտ ներս չեմ թողնելու: Եվ միայն դու կարողացար ստիպել ինձ հավատալ, որ ընկերություն գոյություն ունի: Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Միշտ երջանիկ եղիր, մնա այնպիսին, ինչպիսին կաս, թող կյանքումդ ամեն բան լինի քո ուզածի պես: Սիրում եմ քեզ»։ Շնորհավորանքն Անահիտին հուզել է։ Նա մեկնաբանությունում գրել է. «Վասյա, ես հիմա լաց կլինեմ: Շնորհակալ եմ, իմ կես: Ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ միշտ կողքիս լինես: Շնորհակալ եմ»։


Անահիտն այսօր տարեդարձը մեծ շուքով չի նշելու։ «Այս տարի չեմ նշելու տարեդարձս։ Սովորաբար, բոլորը մեծ շուքով են նշում 30–ամյակը, բայց ես փորձեցի տարբերվել։ Հնարավոր է, Հայկոյի հետ որևէ տեղ գնանք, սակայն հստակ ոչինչ չկա։ Անկեղծ ասած, տարեդարձիս օրը միշտ տխուր եմ լինում։ Այնքան էլ ուրախ չեմ, որ ևս մեկ տարով մեծացա։ 20–ամյակիցս հետո չեմ կարողանում հարմարվել, որ մեծանում եմ»,– հավելեց երգչուհին։

Երգչուհու խոսքով` իր կյանքի ամենամեծ նվերը որդին է` Արմանը։ «Տղաս շատ ոգևորված էր։ Նա չէր թողնում, որ տորթիս մոմերը փչեմ։ Անընդհատ ամուր գրկում ու համբուրում էր ինձ։ Նա ինձ համար ամենամեծ երջանկությունն է ու իմ կյանքի ամենաթանկ նվերը»,– նշեց նա։

Անահիտն ասաց, որ Հայկոն դեռ չի մատուցել իր նվերը։ Նա սովորություն ունի երեկոյան հանձնել նվերը։ Խոսելով նվերների մասին` երգչուհին ասաց, որ ցանկացած նվերից կարող է ուրախանալ։ «Էական չէ, թե ինչ արժեքի նվեր է։ Էականն այն է, որ մարդ սրտանց է նվիրում դա»,– հավելեց երգչուհին։

Ինքն իրեն Անահիտը միայն առողջություն մաղթեց, որպեսզի կարողանա իրականացնել բոլոր նպատակները։

Նյութի աղբյուրը` Tert.am