Անհավանական տարածվածություն ստացած սթրեսը հանելու խաղալիքը, որը կոչվում է ֆիջեթ-սփիներ (fidget spinner), մահացու վտանգավոր է ճանաչվել: Այն մտցվել է ոչ անվտանգ խաղալիքների ցանկի մեջ, որը հրապարակում է սպառողների պաշտպանության World Against Toys Causing Harm հասարակական կազմակերպությունը:

Այս խաղալիքն արդեն քիչ էր մնում Թեխասում խլեր 10-ամյա աղջկա կյանքը: Այս մասին հայտնել է նրա մայրը: Ավտոմեքենայի հետեւի նստարանին սփիներով խաղացող երեխան քիչ է մնացել խեղդամահ լինի, երբ պատահաբար նրա շնչափողի մեջ է ընկել խաղալիքի շրջանաձեւ պլաստիկե մասը: Այն հաջողվել է հանել միայն վիրահատությամբ: Բժիշկներն ահաբեկված մորը հայտնել են, որ մասի չափի եւ ձեւի պատճառով այն հանելիս լրացուցիչ խնդիրներ են առաջացել: Մասնագետների կարծիքով` այս խաղալիքը կտրականապես չի համապատասխանում 8 տարեկանից փոքր երեխաներին, սակայն ավելի մեծ տարիքի երեխաների համար եւս այն կարող է վտանգ ներկայացնել խաղալիքի կառուցվածքի մեջ մտնող մանր մասերի պատճառով, որոնք այնքան էլ ամուր ամրացված չեն:

Դասական սփիները երեք օղակներից եւ առանցքակալից կազմված սարք է, որը թույլ է տալիս հեշտ պտտվել առանցքի շուրջ: Օգտատերը մատներով պահում է խաղալիքի ներքին մասը եւ արտաքինը պտտեցնում: Սփիներները պատրաստում են արույրից, չժանգոտվող պողպատից, տիտանից, պղնձից կամ պլաստիկից: Դրանց մեծ մասը կարող է առանց կանգնելու 1-2 րոպե պտտվել: Սփիների հեղինակ է համարվում Ռենսելերի Պոլիտեխնիկական ինստիտուտի 65-ամյա շրջանավարտ, ինժեներ ծրագրավորող Քեթրին Հեթինգերը: Հեթինգերի դուստրը տառապել է Էրբա-Գոլդֆլամի միաստենիայով, որը աուտոիմունային հիվանդություն է եւ մկանային պաթոլոգիայան ուժասպառության համախտանիշ է առաջացնում: Քեթրինը չի կարողացել դստեր հետ խաղալ, այդ պատճառով նրա համար խաղալիք է պատրաստել ձեռքի տակ եղած նյութերով` լրագրեր եւ կպչուն ժապավեն: Սա տեղի է ունեցել 1990-ական թվականներին: 1997 թվականին Քեթրինը արտոնագրել է այս խաղալիքի գործողության սկզբունքը, սակայն 2005 թվականին արտոնագրի գործողության ժամկետը սպառվել է:

Հոգեբանները պնդում են, որ սփիները կարող է ինչպես որոշ օգուտ տալ, այնպես էլ վնասել երեխայի հոգեկան առողջությունը: Նման տեսակի խաղալիքները կարող են օգտակար լինել նեւրասթենիկների համար, որոնք մշտապես ձեռքի մեջ ինչ-որ բանով խաղալու անհրաժեշտություն ունեն: Սփիները կարող է օգնել վերացնել սթրեսը, զարգացնել մանր շարժողականությունը, մարզել շարժումների ճշգրտությունը, օգնել կենտրոնացնել ցրված ուշադրությունը:

Խաղալիքը կարող է կողմնակի էֆեկտ առաջացնել մոլագար խանգարումներով մարդկանց շրջանում: Նրանց համար սա կարող է եւս մեկ սեւեռուն սովորություն դառնալ: ԱՄՆ-ի որոշ դպրոցներում արդեն արգելվել է սփիներները դպրոց բերել, քանի որ, մանկավարժների կարծիքով, դրանք երեխաներին դասերից շեղում են` նրանց կենտրոնանալուն օգնելու փոխարեն: