ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 30.06.2015թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին:

ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացրել է, որ, ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: