Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի 45 անդամներ՝ նախագահ Հովսեփ Հովեյանի և բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Հայկ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Արցախի մի շարք զորամասեր, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ուսանողները զորամասերին նվիրել են համակարգիչներ, իսկ զինվորներին՝ հիգիենայի պարագաներ: Արցախում էին նաև ուսանողական խորհրդի թատերական խմբակի անդամները, ովքեր զինվորների համար խաղացին Սամվել Խալաթյանի պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը:

Ուսանողները հանդիպում են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի, ինչպես նաև պաշտպանության բանակի մի շարք բարձրաստիճան սպաների հետ:

Ուսանողական խորհրդի անդամները եղել են նաև Արցախի պատմամշակութային վայրերում:

Ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։