Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: 

«Կարծում եմ կրակոցները կապված են սեպտեմբերի 1-ին հետ: Դա իմ անձնական կարծիքն է: Կապված է, որովհետև յուրաքանչյուր նախատոնական և հետտոնական օրերին փորձում են խանգարել: Պատճառվել են միայն նյութական վնասներ...տանիք, ապակի և այլն»,- ասաց նա:

Իսկ այն հարցին, թե երեխաները ինչպես են արձագանքել իրենց առաջին զանգի օրը հնչած կրակոցներին, գյուղապետն ցավով ասաց, որ նրանք արդեն սովորել են:

«Արդեն նույնիսկ զենքի կրակոցի ձայնից իմանում են, թե որտեղից են կրակում»,- մանրամասնեց նա:

Գյուղապետը նշեց, որ իրենց մոտ դասապրոցեսը մի քիչ խանգարվել է միայն նախորդ տարվա հունվարին: 

Ըստ տարածված լուրերի, կրակոցներ են հնչել նաև Ոսկեվան գյուղի ուղղությամբ, սակայն գյուղապետը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները: 

Բաղանիսի ուղղությամբ հնչած կրակոցները հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն չկապելով դրանք տոնական օրվա հետ: