Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի սկսվելուց առաջ անցկացվել են համալիր պարապմունքներ՝ նվիրված առօրյա գործունեության պայմաններում և մարտական պատրաստության պարապմունքներում անվտանգության պահանջների կատարմանը:

«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիվերսկի զինվորական ավանում անցկացված պարապմունքներում ներգրավվել են Գյումրիի և Երևանի կայազորների 2 հազարից ավելի զինծառայողներ և քաղաքացիական անձնակազմի անդամներ: Ուսումնամեթոդական միջոցառումների իրազննականությունն ապահովելու համար գործի են դրվել 500-ից ավելի զինծառայողներ և շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Պարապմունքների անցկացման հիմնական նպատակներից մեկը զինծառայողներին գործնական ու տեսական գիտելիքներ տալն էր առաջադրանքների կատարման ընթացքում անվտանգության միջոցները պահպանելու հարցում:

Միավորումում կազմակերպվել են 15 ուսումնական մասնագիտացված տեղեր, որոնցից յուրաքանչյուրում հմուտ հրահանգիչներն ու հատուկ պատրաստություն անցած սպաները զինծառայողներին անվտանգության հիմունքներն են ուսուցանել առօրյա գործունեության մեջ և պահակային, ներքին ու կայազորային ծառայություններ կատարելիս, ինչպես նաև մարտական պատրաստության պարապմունքներում:

Բացի հիմնական ծրագրից, անցկացվել են ավտոմեքենաների և զրահատանկային անվավոր ու թրթուրային ռազմական տեխնիկայի «էքստրեմալ» վարման հիմունքների ուսումնասիրման պարապմունքներ: