ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նևսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ և քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա և շաղկապված է ռազմավարական գործընկերությամբ:

Ալեքսանդր Ռաբինովիչի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, խոսել հայ-թուրքական հարաբերություններից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Էդուարդ Շարմազանովը հյուրին տեղեկացրել է, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, հայ զինվորականների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող անհեթեթ հայտարարությունները: Խոսելով ԼՂ անկախացման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանին ապրիլյան պատերազմի ընթացքում բացահայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որն այսօր էլ շարունակում է իր պանթյուրքական և ժխտողական քաղաքականությունը, շուրջ 23 տարի շրջափակման մեջ պահում Հայաստանը:

Զրուցակիցները կարևորել են մարդկության համար չարիք դարձած ցեղասպանությունների, ահաբեկչության, այլատյացության և ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարել մշակութային ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են հետագա համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլեր:

Հանդիպման ավարտին «Սուրբ Ալեքսանդր Նևսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ և քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է «Պատիվ և քաջություն» շքանշաններով: