Անհնար է գերագնահատել նաև մուսուլմանական երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորությունը, և այդ նպատակով հանգուցային նշանակություն ունեն տեղեկատվական, քարոզչական, ինչպես նաև հասարակական լայն հարթություններում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունները

Նախօրեին լիբանանյան համաարաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի եթերում ցուցադրված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի շրջանակներում քննարկվեց հարցերի բավական լայն շրջանակ: Արաբական բազմամիլիոնանոց լսարանի համար հերթական անգամ, բայց արդեն Հայաստանի Նախագահի մակարդակով՝ ներկայացվեց մեր երկրի պաշտոնական դիրքորոշումն ինչպես սեփական տարաբնույթ խնդիրների, այնպես էլ տարածաշրջանային և ունիվերսալ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ընդգծվեց Հայաստանի տեղն ու դերը համաքրիստոնեական աշխարհում, Կովկասյան տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արևելքում, Հետխորհրդային տարածքում...
Հեռուստահաղորդման թեմատիկ ուղղվածությունը բավական ընդարձակ էր՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի նշանակության քննարկումից, մինչև ընդհանրապես իսլամական աշխարհի, և մասնավորապես արաբական երկրների, Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ մեր երկրի ու ժողովրդի վերաբերմունքի մանրամասնում, Հայոց ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացների առանձնահատկություններից, մինչև մահմեդական աշխարհի համար հույժ կարևոր պաղեստինյան հակամարտության վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշման ներկայացում՝ իհարկե, առանց շրջանցելու մերձավորարևելյան արդի հիմնախնդիրների՝ սիրիական հակամարտության, իսլամական ծայրահեղականության առաջացրած մարտահրավերների հարցում մեր երկրի դիրքորոշմանը...

Ընդհանուր առմամբ, շուրջ 53 րոպեի ընթացքում համապարփակ և թիրախային ուղղվածությամբ հնչեցին Հայաստանի համար առաջնային քաղաքական, տնտեսական, պատմական ու քաղաքակրթական հիմնախնդիրներին առնչվող պաշտոնական տեսակետեր: Հերթական անգամ արաբախոս աշխարհի համար ներկայացվեց Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկիրը լինելու իրողությունը և դա ամենամեծ քրիստոնեական համայնք ունեցող Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի կողմից ընդունելու և ջատագովելու հանգամանքը: Բարձրաձայնվեց Հայոց ցեղասպանության՝ որպես կայացած փաստի և համամարդկային ողբերգություն լինելու իրողությունը, Թուրքիայի և թուրք ժողովրդի հանդեպ մեր վերաբերմունքը: Հայաստանի պաշտոնական մոտեցումներում առանձնացվեց աշխարհում առկա հիմնախնդիրների կարգավորման համատեքստում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և հատկապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը՝ նաև որպես առանձին էթնիկ միավորների կայուն անվտանգության և հարատև գոյատևման միակ իրական երաշխիք. այս վերջինը հավաստվեց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության պատմական և պետականաստեղծման, ինչպես նաև պաղեստինյան հիմնախնդրի հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշման ներկայացման օրինակով: Ընդգծվեց արաբական բազմաթիվ երկրների, Իրանի հետ պատմական և ներկայիս բազմավեկտոր հարաբերությունների կարևորությունը, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կարևորագույն տնտեսական խաչմերուկի, այստեղ իրականացվելիք հեռանկարային տնտեսական ծրագրերի և նորանոր ֆինանսական անվտանգ ներդրումների երաշխավորման հանգամանքը: Ներկայացվեցին մեր երկրի՝ որպես անկախ ու ինքնիշխան պետության՝ սեփական պաշտպանական և հավաքական պաշտպանական համակարգերի միջոցով սեփական սահմանների անվտանգության խնդիրը լուծելու հնարավորություններն, ինչպես նաև՝ Հայաստանի, որպես մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող զարգացումների հետևանքները նաև հայ համայնքների հետ կապված տարաբնույթ խնդիրների մասով անմիջականորեն կրողի, բարեկամ ժողովուրդների ցավը կիսողի իրողությունը…

Ինչ խոսք, անհնար է գերագնահատել նաև մուսուլմանական երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման, խորացման կարևորությունը, և այս համատեքստում հանգուցային նշանակություն ունեն տեղեկատվական, քարոզչական, ինչպես նաև հասարակական լայն հարթություններում մեր երկիրը ներկայացնելու այսօրինակ հնարավորությունները, մանավանդ, երբ դրանց անհրաժեշտությունը գիտակցվում և համապատասխան քայլերն առաջարկվում են հենց դիմացինի կողմից:

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: