Ապրիլյան պատերազմի օրերին իր անձնակազմի հետ հակառակորդի մեկ տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանը, հետադարձ հայացք գցելով ապրիլյան օրերին, դժվարությամբ է հավատում, որ անցել է այդ ամենի միջով: Ռաֆիկի համար հեշտ չի եղել ազատվել հիշողություններից, որոնք անընդմեջ ստիպում են նրան նորից նույն ճանապարհն անցնել:

Թալինցի Ռաֆիկը ժամկետային ծառայության է անցել 2014 թվականից, 6 ամիս ծառայել է Արմավիրի (Հոկտեմբերյանի) տանկային զորամասում, այնուհետեւ` Արցախում:

«Սկզբում, որ քաշեցի (զորակոչի վիճակահանությանը մասնակցելիս- խմբ.) ու իմացա, որ Ղարաբաղ եմ գնալու, առաջինը, որ մտքովս անցավ, դիրքերն էին, մտածեցի՝ դիրքերում եմ լինելու, ու որ ծառայությունն անիմաստ կլիներ առանց դիրքեր բարձրանալու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է զինվորը:

Բանակային կյանքին Ռաֆիկը հեշտությամբ է հարմարվել, նոր ընկերներ ձեռք բերել, ում հետ մինչև օրս կապ է պահպանում: «Զորացրվելուց հետո մի անգամ գնացի Թալիշ, ընկերներիս տեսա, նստեցինք, խոսեցինք, միմյանցից պատմեցինք: Նախքան զորացրվելը միշտ խոսում ու մտածում էինք, թե գնանք տուն, ամեն մեկս ինչով է զբաղվելու, մտածում էինք՝ հանկարծ կապը չկտրվի, միշտ իրար հետ լինենք»,-վերհիշում է նա:

Ռաֆիկը պատմում է, որ ապրիլի 2-ի առավոտյան նախապատրաստվում էին շարային ստուգատեսի, երբ հրամանատարին զանգեցին, տագնապ տվեցին:

«Երբ հրամանատարի տեղակալը կանչեց, հրահանգներ տվեց, ասաց, որ բոլորս ուշադիր լինենք, ուշադիր վարենք տանկը, այդ ժամանակ ինչ-որ չափով հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Տեսնում էինք, թե ինչպես էին մարդիկ իրերը վերցրած մեքենաներով փախչում գյուղից: Երբ հասանք այնտեղ, ամեն ինչ համարյա ավերված էր: Ինչքան առաջ էինք գնում, ձայները, կրակոցներն ավելի էին շատանում: Հասանք ոսկու հանքի մոտ, այդտեղ սկսեցին մեզ վրա կրակել: Մեր զորամասի հրամանատարը երկու տանկ էր հանել, որ առաջ տանեինք: Սկզբում այդ երկու տանկով էինք, հետո արդեն բոլորը եկան»:

Ապրիլի 3-ին Ռաֆիկն իր անձնակազմով բարձրացել է Թալիշի գրավված դիրքը այն հետ վերցնելու համար. «Մեզ հետ նաեւ հետախույզներ են եղել: Այդ օրերից մինչ զորացվելս՝ հունիսի 30-ը, դիրքերում ենք եղել»:

Ռաֆիկն այդ ժամանակ մտածում էր ընտանիքի անդամների մասին, ովքեր տեղյակ էլ չէին, թե որտեղ է նա:

«Ընդհանրապես ասում են տանկիստի կյանքը 3 րոպե է. մտածում էինք, որ ամեն պահ այդ երեք րոպեն կարող է վերջանալ, բայց այդպես էլ չվերջացավ, հաղթահարեցինք այդ րոպեները: Ապրիլի 1-ին ու 6-ին եմ խոսել ծնողներից հետ: Զանգեցի ամսի 6-ին, մի փոքր հանդարտվել էր վիճակը: Հայրս պատասխանեց, հարցրեց՝ բա ոնց ես տղա ջան, ինչու չէիր զանգում, ասացի՝ պապ, ստուգատեսի էինք պատրասվում, հարմար չէր: Թե բա կարող է գիտես՝ տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում: Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ու այդ ընթացքում նորից սկսեցին կրակել, մերոնք նորից անհանգստացան»:

Հարցին, թե այդ օրերին ինչի մասին էին խոսում զինակից ընկերների հետ, Ռաֆիկը պատասխանեց. «Մտածում էինք, որ Աստված տա, մի օր հետ գնանք, պատմենք մարդկանց, թե ինչ ենք տեսել ու արել, հաստատ չեն հավատալու: Ես ինքս չէի էլ հավատում ու չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան լինի»:

Ռաֆիկի խոսքով՝ ապրիլյան պատերազմը վատ հիշողություններ է թողել. ծառայակից ընկերներին հիշում է մե՛կ ողջ, մե՛կ զոհված:

«Հիմա էլ, որ բանակի կամ զինվորների մասին խոսակցություն է բացվում, ամեն ինչ հիշում եմ: Ցավ եմ զգում, քանի որ դիրքից դիրք գնալիս ես տեսնում էի զինվորներին, միասին դիրք էինք պահում, զրուցում, իսկ հետո նրանց զոհված եմ տեսել մարմինները տեղափոխելիս: Նրանց դեմքերը տպավորվել են իմ մտքում»:

Ռաֆիկը վերջապես վերադառնում է տուն խոստացած ժամկետից մի փոքր շուտ, ծնողներին էլ ստել էր, որ դեռեւս թույլ չեն տալիս գալ:

«Ամեն ինչ խառնվել էր իրար: Կարծես կյանքս նորից էի սկսում, երբ եկա տուն, տեսա հարազատներիս: Նստեցինք, երկար խոսեցինք այդ օրերի մասին: Մայրս սովորության համաձայն՝ հարցնում էր, երեւի սոված ես մնացել: Երբ բանակից զանգում էի տուն, առաջին հարցը դա էր՝ հաց կերե՞լ ես»:

Ռաֆիկին առաջարկել են մնալ եւ շարունակել ծառայությունը, սակայն նա հրաժարվել է՝ մտածելով ծնողների մասին:

«Մեծ եղբայրս պայմանագրային ծառայող է Ջաբրայիլում: Ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու շարունակեց ծառայությունն այնտեղ: Տեսնում էի, թե ծնողներս ինչ վիճակում են հայտնվում, երբ եղբայրս ուշ-ուշ էր զանգում, անընդհատ մտածում էին՝ մի բան եղած չլինի: Չեմ ուզում, որ ծնողներիս համար դժվար լինի, հատկապես, որ փոքր եղբայրս էլ երկու տարի հետո անցնելու է ծառայության»:

Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ընտրել է փրկարարի մասնագիտությունը: Ինստիտուտում նույնպես նրան մեծ ցնծությամբ են ընդունել, այժմ էլ սովորում է անվճար համակարգում:

Անկաշկանդ, ազատ, անվախ. հերոս Թաթուլ Կրպեյանի հերոս ազգակիցը հենց այսպես է պատկերացնում իսկական տանկիստին:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված տանկիստը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում նորից է բարձրանալու դիրքեր, սակայն այս անգամ միայն իր հարազատ տանկով:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է Տանկիստի օրը:

Տոնդ շնորհավո՛ր, հերո՛ս: