Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

«Մենք երբեք չենք հրաժարվել որևէ հանդիպումից: Լինի դա նախագահի մակարդակով, թե արտգործնախարարի, անգամ՝ աշխատանքային մակարդակով: Բայց մենք միշտ կողմնակից ենք նրան, որ այդ հանդիպումներն օգուտ բերեն, լինեն ինչ-որ առաջընթացներ: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ այնուհետ չեն կատարվում պայմանավորվածությունները, ո՞րն է այդ հանդիպումների օգուտը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիրը»:

«Մենք ցանկանում ենք, որ և՛ համանախագահները, և՛ միջազգային հանրությունը հստակ իմանան, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջման միջոցով:

«Իհարկե, կա որոշում, և մենք հասկանում ենք, որ այն պետք է հիմնվի փոխզիջումների վրա, դա այն դեպքը չէ, որ հաղթի Հայաստանը, Ադրբեջանը կամ Ղարաբաղը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում մշակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք սկզբունք՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

Այդ անռչությամբ Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Երևանը պատրաստ է վերադառնալ Բաքվի հետ բանակցություններին, «բայց միայն այդ երեք սկզբունքների հիման վրա»: