Ադրբեջանն ուժեղացնում է ավիացիան Պակիստանի օգնությամբ

Ռազմաօդային ուժերի փորձագետ, Պակիստանի օդուժի հարցերով մասնագետ Ալան Վարնեսը հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանի հետ JF-17 Thunder կործանիչների գնման շուրջ։

Բացի այդ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հետաքրքրված են նաև JF-17 Thunder MFİ-393 Super Mushshak օդաչուների պատրաստման տրենաժորի գնմամբ։

Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմաօդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը:

Նա նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա:
Ըստ նրա՝ JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Ադրբեջանն ու Պակիստանը մշակում են առևտրատնտեսական կապերը մոտակա հինգ տարվա ընթացքում՝ կես միլարդ դոլարի հասցնելու ծրագիրը, որն ազդելու է արտահանման խթանման ու դիվերսիֆիկացիայի վրա։ Նախատեսվում է, որ պակիստանյան ընկերություններն ավելի լայն թափով կներթափանցեն ադրբեջանական շուկա։ Դրա հետ մեկտեղ Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնել Պակիստանից ներկրել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ: Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը՝ Բաքուն ցանկանում է գնել Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր:
Պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները բարձրացվում են որակական նոր մակարդակի վրա՝ համատեղ զորավարժություններ, ձեռնարկություններ, Բաքվի կողմից պակիստանյան զենքերի ու զինատեսակների գնում․ դա արվում է տնտեսական, առևտրային, էներգետիկ կապերը զարգացնելուն զուգընթաց:

Պակիստանը, միջուկային տերություն հանդիսանալով, բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում, ու Բաքուն փորձելու է օգտագործել այդ երկրի թե տնտեսական ներուժը՝ ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգավելու համար՝ նավթադոլարների կրճատման, ոչ նավթային հատվածի զարգացման ու Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցի վերածելու տրամաբանության շրջանակներում, այնպես էլ կիրառելու է պակիստանյան ռազմա-տեխնիկական նորարարություններն ու ներուժը սեփական զինված ուժերի ամրապնդման համար:

Տնտեսական համագործակցության առումով Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առևտրա-տնտեսական կապերը Թուրքիայի հետ`սուննի մեկ այլ պետության, միջուկային տերություն Պակիստանի հետ խորացնելով կապերը։ Ադրբեջանը կարող է առաջարկել իր նավթագազային հանքավայրերը պակիստանյան ընկերություններին, ինչպես նաև ռազմական արտադրանքի գնորդներից մեկը դառնալ Իսլամաբադի համար` Թուրքիային, ՌԴ-ին, Իսրայելին զուգահեռ։

Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան էլ կարող է դառնալ ադրբեջանական ցանկացած արտադրանքի համար սպառնման շուկա`անգամ փոքր խմբաքանակի ապրանքների վաճառքը կարող է էականորեն ազդել նավթի գների անկում, ԿԲ-ի պահուստների նվազում ու մանաթի արժեզրկում «տեսած» ադրբեջանական բյուջեի համալրման վրա։

Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով`շուտով կյանքի է կոչվելու Ադրբեջան–Իրան երկաթգիծը, որը միանալու է Իրան–Պակիստան երկաթգծին։ Բացի այդ՝ Պակիստանը կարող է հետաքրքրված լինել նաև Տրանսկասպյան միջանցքով`Թուրքմենստանի, Ղազախստանի միջոցով Բաքվի նավահանգստով Կովկաս, Սևծովյան շուկաներ ու Թուրքիա դուրս գալու միտումով։

Պակիստանն այս պահին արտադրում է Burraq անօդաչու թռչող սարքեր, Հաթֆ տեսակի հրթիռներ, Aircraft Manufacturing Factory գործարանում արտադրվում են JF-17 և այլ տեսակի կործանիչներ, Tank Manufacturing Factory տանկային գործարանն արտադրում է «Ալ–Հալիդ», «Ալ–Զառռար» տեսակի տանկեր, Heavy Artillery and Rocket Factory գործարանը արտադրում է տարբեր տեսակի արկեր և զինամթերք, Small Arms Ammunition Factory–ը` փամփուշտներ, Tank and Anti-Tank Ammunition Factory–ին`տանկային արկեր, ռադիոէլեկրտոնային համակարգեր և այլ արտադրանք։ Պակիստանն ունի զարգացած ռազմա–արդյունաբերական համալիր, ու Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այդ արտադրանքից կամ համատեղ ձեռնարկություններ հիմնել։

Արտեմ Բալասանքվի ֆեյսբուքյան էջից: