Իրականում ինչպիսի՞նն է այս պահին իրավիճակն առաջնագծում, դեպքերի ի՞նչ զարգացում սպասել: Այս և այլ հարցերի մասին «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում խոսել է ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

– Դատելով մամուլում տեղ գտնող օպերատիվ հաղորդագրություններից, տպավորություն է ստեղծվում, որ սահմանում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ, եթե չասենք լարված է: Իրականում ինչպիսի՞նն է իրավիճակը շփման գծում:

– Իրոք վերջին շրջանում ղարաբաղա – ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվում է անկանխատեսելի հետևանքներով հղի լարվածության նշանակալի աճ, որն արտահայտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանն ուղղված նպատակային գործողություններով: Հատկապես մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ եթե սույն թվականի ապրիլին տեղի ունեցած սրացումներից հետո ընկած որոշ ժամանակահատվածում ադրբեջանական կողմը ձեռնպահ էր մնում առաջնային գծում տարբեր տրամաչափի ականանետային ու նռնականետային զինատեսակների կիրառումից, ապա վերջին երկու ամիսներին դրանց օգտագործումը ստացել է պարբերական բնույթ:

Համաձայն ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, միայն նոյեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի ականանետերից հասցրել է 143, իսկ նռնականետերից` 65 հարված: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ` արձակելով մոտ 24.000 կրակոց: Կրակոցներից ավելի քան 1750-ը իրականացվել են «Իստիգլալ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Սա է առաջնային գծում տիրող իրական վիճակը:

– Իսկ ղարաբաղյան կողմը պատասխան գործողություններ չի՞ իրականացնում:

– Իհարկե, խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնում է, բայց միայն հրաձգային զինատեսակներից, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ գործողությունները: Ինչ վերաբերում է ականանետային կամ նռնականետային զինատեսակներին, ապա ապրիլյան առճակատումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում ղարաբաղյան կողմը երբևէ չի օգտագործել նման միջոցներ: Իսկ դրա պատճառը մեկն է` չսրել առանց այն էլ պայթունավտանգ իրավիճակը և տեղի տալ չարդարացված մարդկային զոհերի: Հակառակորդը պետք է հասկանա, առավել ևս նրա շարքային քաղաքացին, ով պատերազմի դաժան հետևանքների հիմնական կրողն է, որ հայկական կողմն ունի նախահարձակին ուժով սանձելու և’ համարձակություն, և’ հնարավորություններ ու միջոցներ: Իսկ դրանում նա մեկ անգամ չէ, որ համոզվել է… Համոզվել է և’ Արցախյան առաջին պատերազմում, և’ այս տարվա ապրիլյան առճակատման ընթացքում:

Ով-ով, բայց ադրբեջանական հրամանատարությունը` առաջնագծում կիրառելով ականանետեր, չպետք է մոռանա ապրիլյան սրացումների ժամանակ հայ հրետանավորների հասցրած թիրախային հարվածների ծանրությունը: Աստված մի արասցե, որ դրա անհրաժեշտությունը նորից զգացվի…

– Պարո ՛ն Հասրաթյան, իսկ հակառակորդի կողմից իրականացվող արկակոծումների հետևանքով զոհեր ունենու՞մ ենք:

– Բարեբախտաբար ոչ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդը դրանով ապահովագրվում է իրեն հասցվելիք անհամարժեք ու կորստաբեր հակահարվածներից: Մեր համբերությունը սահման ունի և ադրբեջանական կողմը դա պետք է հասկանա: Հակառակ դեպքում պատասխանը լինելու է շատ ցավոտ… Չի կարելի անընդհատ հանդես գալ նախահարձակի դերում, բայց ներկայանալ որպես անմեղ ու կառուցողական:

– Այդ դեպքում, ինչպե՞ս վերաբերվել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից գրեթե ամեն օր տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրվում է հայկական կողմը:

– Որպեսզի պարզ դառնա թե ով է իրական նախահարձակը, կողմերից յուրաքանչյուրին հարկավոր է անել ընդամենը մեկ բան` ընդունել ս.թ. մայիսին Վիենայում կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այն է` հակամարտության գոտում ներդնել վերահսկման մեխանիզմ և հետևել դրանց կատարմանը: Ինչպես գիտեք հայկական կողմն այդ առաջարկությանը տվել է իր համաձայնությունը, իսկ Ադրբեջանը` ոչ: Այնպես որ, այն, ինչ այսօր կատարվում է առաջնագծում, բավականին պարզ տրամաբանության մեջ տեղավորվող իրողություն է, որն, ի դեպ հասկանում է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև ադրբեջանական հասարակության գիտակից մասը:

– Ըստ Ձեզ դեպքերի ինչպիսի զարգացում է սպասվում առաջիկայում:

– Մեզ համար դեպքերի ցանկալի զարգացման տարբերակը խաղաղությունն է: Բայց ապրելով բավականին բարդ տարածաշրջանում և ունենալով անչափ անկանխատեսելի հակառակորդ, պարտավոր ենք սպասել նաև անցանկալի զարգացումների: Այնպես որ մենք պատրաստ ենք և´խաղաղության, և´ պատերազմի: