Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում, դեռևս չճշտված հանգամանքներում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով կան զոհեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաստատեց Yelaket.am–ի տեղեկությունը՝ ավելացնելով, որ վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում համապատասխան ծառայությունների աշխատակիցները։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան դեպքի հետ կապված այլ մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։