Ադրբեջանական haqqin.az կայքը գրում է, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին կմիանա Արմեն Վիրաբյան անունով ոմն ակտիվիստ: Ըստ կայքի` Վիրաբյանը հարցազրույց է տվել haqqin.az-ին, որում հայտնել է, թե 2013 թվականին եղել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն ու իբր հանդիսացել է «Էլեկտրիկ Երևանի» ակտիվիստներից մեկը: Նա պնդել է, թե իշխանությունների հետապնդումների պատճառով ստիպված է եղել փախչել Գերմանիա:

Armday.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգողՄաքսիմ Սարգսյանը պնդեց, որ Արմեն Վիրաբյան կոչվածը որևէ կապ չի ունեցել «Էլեկտրիկ Երևանի» հետ:

«Ու առհասարակ՝ իրեն չեմ ճանաչել, որպես ակտիվ քաղաքացի։Կարծես տենդենց լինի Ադրբեջան փախնողների մոտ «Էլեկտրիկ Երևանի» կազմակերպիչ ներկայանալը։ Սերժի ու իր կլանի դեմ պայքարել պետք է, բայց երբեք ու երբեք ոչ Ադրբեջան գնալով»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Արտուշ Չիբուխչյանը ևս նշեց, որ առաջին անգամ է լսում Վիրաբյանի մասին:

««Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ընդհանրապես չեմ հիշում, որ նման մեկը ակտիվություն ցուցաբերած լինի»,-ասաց նա։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով տարածված տեղեկություններին, նշեց, որ ինքը ոչ կարդում է ադրբեջանական կայքեր, ոչ էլ որևէ ձևով ուզում եմ մեկնաբանել:

«Ոչ haqqin.az եմ կարդում, ոչ ադրբեջանական այլ որևէ կայք: Ոչ էլ որևէ ձևով ուզում եմ մեկնաբնել դրանց հետ կապված որևէ քայլ»,-ասաց նա:

 

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի հերթապահը մեզ փոխանցեց, որ միայն վաղը առավոտյան կարող ենք իմանալ, թե նման անուն-ազգանունով անդամ կուսակցությունն ունեցել է, թե ոչ:

Կարինա Սահակյան