Դեկտեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել, մասնավորապես, նշելով, որ Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա և, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը:

«Որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր Տավուշի ուղղությամբ իր իսկ նախաձեռնած դիվերսիոն հետախուզական գործողության շուրջ տարածված հաղորդագրություններում պաշտոնական Բաքուն ճգնում է կատարվածի մեղքը բարդել հայկական կողմի վրա և, միաժամանակ, հերքել իր կրած 7 կորստի փաստը, հասկանալի է: Հասկանալի է նաև մեկ զինվորի ճակատագիրն անհայտ լինելու մասին բավական ուշացումով նրա կողմից արված հայտարարության իմաստը… Սակայն անհասկանալի, անիմաստ ու այնքան մերկապարանոց են ադրբեջանական կողմի բոլոր այն ճամարտակությունները, որ տարիներ շարունակ արվում են սեփական բանակի ամենազորության մասին ու տակավին մնում ձախողված գործողությունների ստրուկը»,- գրել է Հասրաթյանը: