YN.am-ը գրում է.

«Գուդվին- Բետ» ՍՊԸ-ն իրական վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների համար: Նշված ընկերությունն աշխատում է «Վիճակախաղերի կազմակերպման» լիցենզիայով` տրամադրված ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից: Տվյալ դեպքում կարելի է պնդել, որ ընկերությունն օգտվում է ՀՀ օրենքի ոչ լիարժեքությունից և թերի լինելու հանգամանքից, քանի որ փաստացի «Գուդվին- Բետ» ՍՊԸ կողմից իրականացվում է գործունեություն, որի վրա պետք է տարածվեր «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի դրույթները: Նշված օրենքով սահմանափակումները համեմատաբար ավելի խիստ և կանոնակարգված են, ինչը տվյալ ընկերությանը կկանգնեցնի լուրջ խնդիրների առջև: Այս մասին վկայում է նաև, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մեր գրավոր հարցման գրավոր պատասխանը:

Առավել մտահոգիչ են «Գուդվին- Բետ» ՍՊԸ կողմից շահագործվող «Էլ լոտո» խաղային սարքավորումները, որոնք նույնպես գործում են «վիճակախաղերի կազմակերպման» լիցենզիայի ներքո և վերահսկվում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից YN.am-ի գրավոր հարցման պատասխանում ասվում է.

« ...«Էլ լոտո» խաղային սարքավորումները շահագործվում են «Գուդվին- Բետ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) կողմից ՀՀ ֆինանսների նախարարության տրված «վիճակախաղերի կազմակերպման» լիցենզիայի ներքո՝ իր կողմից սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա:
Համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի` վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղը կազմակերպում է իր սահմանած և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան»:

Հետաքրքրական է նաև այն, որ ՀՀ-ում լիցենզիա ստանալու համար հիմք է ընդունվել «Մոսկվայի առևտրա-արդյունաբերական պալատի փորձա-մեթոդական սերտիֆիկացման կենտրոնի փորձաքննության ակտը»: Համաձայն վերոնշյալ գրության. «Այդ վիճակախաղերի կազմակերպման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից ներկայացված «ԷԼԼՈՏՈ» ֆիրմային անվանումով վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգերը և այդ տերմինալների ծրագրային ապահովում և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, վերոնշյալ տերմինալների ներմուծման փաստաթղթերը և Մոսկվայի առևտրա-արդյունաբերական պալատի փորձա-մեթոդական սերտիֆիկացման կենտրոնի փորձաքննության ակտը, որոնց համաձայն այդ տերմինալները նախատեսված են վիճակախաղերի կազմակերպման համար»:
Պարզության համար նշենք, որ եթե տվյալ հաստատության գործունեությունը կանոնակարգվեր «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ապա կսահմանվեն տերմինալների տեղադրման, տեղակայման և դրանց շահագործման վայրերի համար սահմանփակումներ, ինչը կհանդիսանա կարևորագույն կանխարգելիչ միջոց: Նույն սկզբունքը գործում է նաև խաղատների դեպքում:

Նշենք, որ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների համաձայն` «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի բաժնետերերն են Արման Սերյոժայի Մանուկյանը (53%), Արտակ Գոռի Ալեքսանյանը (12%) և Մանուշակ Արմենակի Մելիքյանը (35%): Իսկ «Գուդվին-Կազինո» ՍՊԸ-ն ստեղծվել է 2016թ.-ի ապրիլին, նույն բաժնետերերի ու բաժնեմասերի հարաբերությամբ: Խոշորագույն բաժնետեր Արման Մանուկյանը Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) որդին է: Սերգեյ Մանուկյանը հանդիսանում է նաև «Եվրոպա» ՍՊԸ-ի համահիմնադիր: Ոչ պակաս ուշագրավ է նաև մյուս բաժնետեր Մանուշակ Մելիքյանի անձը: Ըստ «Հետք»-ի 2016թ.-ի հուլիսին հրապարակված հոդվածի, վերոնշյալ Մանուշակ Մելիքյանը գրանցված է նույն հասցեում, ինչ Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները: Արա և Ալիկ Բանդուրյանները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են (Նորատուսցի Արա ու Ալիկ): Այս երկուսը բավական հարուստ քրեական անցյալ ունեն: Մի խոսքով, «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն հայտնի և ազդեցիկ տերեր ունի, ինչն էլ հավանաբար հանդիսանում է նման բացթողումների պատճառ:

Իսկ այն մասին, որ «Էլ լոտո» խաղային սարքավորումները մեծ վտանգ են ներկայացնում ՀՀ քաղաքացիների համար, վկայում են նաև վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերը: 2015թ.-ին Արարատի մարզի Դարակերտ գյուղի մերձակա գազալցակայանի տարածքում կախված էին գտել Հայանիստ գյուղի 40-ամյա բնակիչ Յուրա Բ.-ին, ով աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Գազալցակայանի մոտ առկա է եղել «Էլ լոտո» խաղային սարքավորումը, որն էլ հանդիսացել է նրա մահվան պատճառ:

Իսկ այն, որ նման վտանգի տակ են գտնվում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ապացուցում են ՀՀ ֆինանսների նախարարությունից մեր կողմից ձեռք բերված տվյալները, որոնք ակնհայտ ցուցադրում են տվյալ խաղային սարքավորումների գտնվելու վայրերի լայն շրջանակը: Ամբողջ ՀՀ տարածքում տեղակայված տվյալ տերմինալների քանակը կազմում է մոտ 580 հատ: Այս թիվն առավել վտանգավոր է դառնում, երբ պարզ է դառնում, որ տվյալ տերմինալներից օգտնվելու սահմանափակումներ գոյություն չունեն, այսինքն, սրանցից կարող են օգտնվել նաև անչափահասները:

Բացի այդ, համաձայն ֆինանսների նախարարությունից ստացված վերոնշյալ գրության. « ... համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 15-րդ բաժնի 1-ին կետի՝ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար գործունեության իրականացման վայրի պահանջ սահմանված չէ, ուստի վիճակախային տերմինալների տեղադրման, տեղակայման և դրանց շահագործման վայրերի համար սահմանփակումներ չկան: Սակայն Ընկերության կողմից ՀՀ ֆինանսների նախարարության է ներկայացվել այդ տերմինալների տեղակայման վայրեր՝ որպես շահումների վճարելու վայրեր»:
Հետևում է, որ մոտ 600-ի հասնող տերմինալների թիվը նախարարություն ներկայացվածն է միայն, սակայն այն կարող է ավելի մեծ լինել:

Ընկերության կողմից ծավալվող գործունեության հսկայական վտանգի մասին գիտակցել է նաև համապատասխան պետական կառույցը: Մեզ ուղարկված գրությունում, ասվում է. «Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի Ձեր կողմից նշված սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում: Օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային Ժողովի կողմից հավանությանն արժանանալու պարագայում նշված սարքերի շահագործումը կդիտվի որպես շահումով խաղ և այդ գործունեության վրա կտարածվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը»:

Հարց է՝ այս ուշացած նախագիծը դեռ կընդունվի ԱԺ կողմից, թե՞ ազդեցիկ տերերը կկարողանան կասեցնել այն: Յուրաքանչյուր դեպքում, ինքնասպան եղած տղամարդու կյանքը չի փրկվի, կորցրած դրամները չեն վերադառնա: