ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին անում հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, վստահեցնում է, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել, այլ՝ նրան սպանել են:
«Տղաս ընդամենը 3 ամիս 20 օր է ծառայել: Նրան խեղդել են, հետո՝ կախել ձողից, որպեսզի կարողանան հաստատել՝ ինքնասպանություն է եղել: Սակայն, տղայիս պարանոցին երկու պարանի հետք կա, որը խոսում է այն մասին, որ տղայիս խեղդել են: Դատաբժշկական փորձաքննության մեջ գրված է, որ խորը ակոսին զուգահեռ կա նաև կարմիր գույնի ժապավենաձև արյունազեղում, բայց, միևնույն ժամանակ, չի անդրադառնում դրան: Պատճառը եղել է այն, որ զինվորները վառելանյութը գողանում են, իսկ սպան գալիս տանում է: Տղայիս հետ հեռախոսազրույցից 4-5 օր հետո բերեցին նրա դին»,- ասաց մահացած զինծառայողի մայրը:
2009 թ-ի նոյեմբերին Վալերի Մուրադյանին զորակոչել են բանակ, 2010 թ-ի մարտի 15-ին բերել նրա անշնչացած մարմինը: Մարտի 15-ին կլրանա նրա մահվան գործի յոթը տարին, սակայն ոչ մի բան չի փոխվել:
Նանա Մուրադյանի խոսքով՝ 2011 թվականին, այս նույն օրը՝ հունվարի 27-ին, նույն տեղում, նախագահը մոտեցել է ծնողներին և նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին հանձնարարել, որպեսզի ընդունի ծնողներին և ուսումնասիրի գործերը, քանի որ ամենաշատն ինքն է ուզում, որ զինծառայողների մահվան հանգամանքները բացահայտվեն: Դրանից հետո Կոստանյանը գործը հանել է կասեցումից և վերսկսել:
«Երբ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ինձ լսեց, ասաց, որ առաջին քննիչ Արման Ապրեսյանի կողմից շատ բացթողումներ կան, ժամանակին գործողություններ չի արել, ես էլ հարցրի՝ բա որ ժամանակին անհրաժեշտ գործողությունները չի արել, օրինակ, տղայիս շորերը ժամանակին փորձաքննության չի ենթարկել, հինգ ամիս անց, նոր տարել է փորձաքննության, այն էլ մեր բազմաթիվ բողոքներից հետո, տղայիս կոշիկները գոյություն չունեն, դեպքի վայրում եղել է սպորտային գլխարկ, որը գոյություն չունի՝ ինչպես կոշիկները. մի խոսքով, շատ գործողություններ կան, որոնք քննիչը ժամանակին չի արել: Հիմա հարցնում եմ՝ այդ կոշիկները, որ չկան, կարո՞ղ ենք վերականգնել, հետքերը վերցնել, որովհետև ըստ ձեր սարքած քրեական գործի, իմ տղան եկել է այդ կոշիկներով կանգնել ու ինքնասպանություն է գործել, աթոռն էլ իր ձեռքերով բերել է: Դատախազն ասաց՝ ոչ, չենք կարող վերականգնել, ասում է՝ կարգապահական տույժի են ենթարկել: Կարգապահական տույժը ի՞նչ է, երեք ամիս հեռացնում են աշխատանքից, հետո գալիս, իր գո՞րծն է անում, մյուս զինվորների գո՞րծն է կոծկում: Նա զինվորի սպանություն է կոծկել, տարել փակուղի, ի՞նչ կարգապահական տույժ, պիտի դատվի»,-ասաց Նանա Մուրադյանը:
Ըստ նրա, թեև գործը վերաբացվել է, բայց մինչև այսօր որևէ գործողություն չի արվել. քրեական գործը՝ ինքնասպանության դրդումով, բայց ոչ դրդողները գոյություն ունեն, ոչ էլ ապացույցները: