Հունվարի 28-ը հայ հերոս, ՀՀ ԶՈՒ կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տարեդարձն է: 

Ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով զբաղվել։ 15 տարեկանում տեկվանդոյի եռակի չեմպիոն էր։ Ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 26 տարեկանում արդեն կապիտան էր, վաշտի հրամանատար՝ առաջին գծում։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել է. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»:

Կապիտան Ա. Ուրֆանյանը 2016 թվականի ապրիլի սկզբին սկսված արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր։ Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։ 2016 թվականի հունիսի 10-ին մամուլում տպագրվել է Ատոմ Հակոբյանի նշանավոր բանաստեղծությունը` նվիրված կապիտան Ուրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին 2016 թվականի ապրիլյան քառօրյայում: