Ոչ մեկը չի կարող հայկական հողերը վերցնել: Այս մասին հունվարի 28-ին՝ Բանակի օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը (ֆոտոռեպորտաժ):

Նա համոզված է, որ հայկական Զինված ուժերը կկատարեն իրենց առջեւ դրված ցանկացած խնդիր: «Մենք անհանգստանալու ոչ մի պատճառ չունենք, առավել եւս՝ երբ խոսում ենք Ադրբեջանի զենքի եւ ռազմական տեխնիկայի մասին: Այդ ամենը հեքիաթներ են, եւ այդ հեքիաթներին ես, ճիշտն ասած, չեմ հավատում: Ես չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ հայկական երկու պետությունների Զինված ուժերը կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրը»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալաով ղարաբաղյան խնդրի եւ տարածքային զիջումների վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիքորոշմանը՝ գեներալը նշեց. «Ընդհանրապես չեմ ցանկանում լսել այն մարդկանց, որոնք ղարաբաղյան խնդրի հաշվին քաղաքական դիվիդենտներ են հավաքում: Դա շատ վտանգավոր է, ես խորհուրդ կտամ ընդհանրապես չլսել, չկարդալ նման մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, դա չի վերաբերում միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, կարող է «բլեֆի» դիմել: Տեսնում ենք, որ Ադրբեջանը հեռու գնացող ծրագրեր ունի, մենք հեռու գնացող ծրագրեր չունենք»:

Նրա խոսքով՝ հայկական երկու պետությունները կայացած են:

«Նրանք, ովքեր ի վիճակի են հայրենիքը պաշտպանելու, իրենց հողերը չեն տա: Ես համոզված եմ, ոչ մեկը չի կարող մեզնից հող վերցնել: Ապրիլյան իրադարձությունները մեծ դաս էին մեզ համար: Մենք թերություններն արդեն շտկել ենք: Համոզված եմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգություն կանխելու»,- ամփոփեց Վիտալի Բալասանյանը: