Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի եւ Քյարամ Սլոյանի անմիջական ղեկավար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը դժվարությամբ է խոսում զոհված զինծառայողների մասին:

Ապրիլի 2-ին դասակի հրամանատար Սամվել Առաքելյանը եղել է Արմենակ Ուրֆանյանենց հարեւան դիրքում, պատմում է, որ վաղ առավոտյան հակառակորդը սկսել է ռազմական գործողություններ շփման գծի տարբեր ուղղություններով: Թե ինչ էր այդ ժամանակ տեղի ունենում հարեւան դիրքում, Սամվելը չի իմացել, սակայն քիչ անց իր ժամկետային զինծառայող Գեւորգ Մելյանի հետ կարողացել են մտնել դիրք եւ այնտեղից հանել Քյարամ Սլոյանի մարմինը:

«Իհարկե, ես չկարողացա նրանց ծնողներին ողջ- առողջ վերադարձնել իրենց տղաներին, սակայն կարողացանք դուրս բերել Սլոյանի մարմինը»,- ասում է ավագ լեյտենանտը:

Մանրամասների մասին Սամվելը լռում է, միայն շնորհակալություն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար:

«Ապրիլի 5-ից ես տեղափոխվել եմ Ուրֆանյանենց դիրք եւ մինչ այսօր այդ դիրքն եմ պահում իմ զինվորների հետ»,- նշում է Սամվելը:

Սամվել Առաքելյանը Սիսիանից է, սակայն երկու տարի է` ծառայության է անցել Մարտակերտի զորամասերից մեկը: Եղբայրը նույնպես ծառայության է անցել հայոց բանակում:

Նշենք, որ Առաքելյանն այսօր` հունվարի 28-ին, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մարտական ծառայության մեդալով է պարգեւատրվել:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների: