Հայրենիքը սկսվում է սահմանից։ Այս խոսքերը հատկապես վերջին տարիներին շատ է ասվում։ Եվ իրոք, հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղերից։

Հունվարի 28-ը սահմանապահ Բաղանիսում նշել են առանձնահատուկ ոգևորությամբ։ ԼՈւՐԵՐ.com -ի հետ զրուցում համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ գյուղում տոնը նախ և առաջ սկսում են հարգանքի տուրք մատուցելով: «Ազատամարտիկները բարձրացան գյուղի գերեզմաններ և ծաղիկներ դրեցին իրենց մարտական ընկերների շիրիմներին: Բաղանիսցին զինվորական է ի ծնե, իր ուղնուծուծով»,- ասում է Նարեկ Սահակյանը։

Ազատամարտիկները հետաքրքիր պատմություններ են պատմել իրենց մարտական ուղու մասին, իրենց անցած դժվարին ճանապարհի, փորձությունների մասին, երգել ու պարել են, շնորհավորել սահմանին կանգնած զինվորի, հրամանատարի տոնը, խմել նրանց կենացը։

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: