Վերջին օրերին սահմանին լարվածության աճ է նկատվում: Այսօր, ըստ Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդագրության, հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններում: Նշված հատվածում ադրբեջանական զինուժը Դ-44 հրանոթներից ու ականանետերից ընդհանուր առմամբ արձակել է 47 արկ, որից 22-ը հրանոթներից, 25-ը՝ ականանետերից:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, գիշերը կրակոցներ են եղել ոչ թե գյուղի, այլ՝ դիրքերի ուղղությամբ: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Ադրբեջանը, նկատելով Թալիշում ակտիվություն, աշխատանքներ, փորձում է վախի մթնոլորտ ստեղծել: Ի դեպ՝ Թալիշում աշխատանքներ են տարվում գյուղը կրկին վերաբնակեցնելու ուղղությամբ:

«Առավոտվանից՝ հանգիստ է իրավիճակը: Դիրքերի վրա առավոտյան, գիշերը կրակոցներ են եղել: Առանձնակի բան չկա: Մեր տղաները գյուղում են, բայց՝ ոչ ընտանիքներով: Աշխատանքներ են տարվում հանդիսությունների շենքի և համայնքապետարանի կառուցման ուղղությամբ»,- փոխանցեց Թալիշի գյուղապետը:

Ի դեպ՝ հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին, ով այցելել էր Արցախ, երեկ՝ փետրվարի 7-ին, հատուկ չվերթով պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Մինսկից տեղափոխել են Բաքու: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն էր որոշում կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: