Մարտակերտի ուղղությամբ գտնվող ադրբեջանական գյուղերում շարժ չկա, բնակչությունը թողել, հեռացել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Երեկ ամբողջ օրը եղել եմ Թալիշում եւ Մատաղիսում: Ինքս անմիջական եղել եմ այն դիրքերում, որոնք ապրիլյան դեպքերի ժամանակ, այսպես ասած, հակառակորդի կողմից գրաված են եղել` աջ եւ ձախ կողմերը, ամբողջ ցերեկն այնտեղ եմ եղել, որեւէ կրակոց չի եղել, դիրքերում հանգիստ է եղել, զինծառայողների տրամադրությունը` շատ բարձր: Հակառակորդի կողմից որեւէ շարժ չենք նկատել: Մանավանդ, դիտարկել ենք ադրբեջանական գյուղերը, համարյա մարդ չենք տեսել, որեւէ շարժ չկա: Ըստ մեր աղբյուր- տվյալների` գյուղերի բնակչությունը թողել, գնացել է: Չէի ասի, որ իշխանություններն են կազմակերպել, մարդիկ թողել են գնացել են: Ահա այդպիսին է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը, որ ընդհուպ չի խնայում իր բնակչությանը»,- ասաց նա:

Ըստ Վիտալի Բալասանյանի` եւ Թալիշում, եւ Մարտակերտի մյուս գյուղերում հանգիստ իրավիճակ է, երեխաները խաղահրապարակում խաղում են, դպրոցներն ու մանկապարտեզները գործում են. «Մի խոսքով ամեն ինչը նորմալ է, ժողովրդի տրամադրությունը շատ բարձր է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված էր Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:

Նշենք, որ հակառակորդի 5 դիակները գտնվում են չեզոք գոտում: Ըստ պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Փետրվարի 26-ին երեկոյան Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am