Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 15:40-ին, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ հակառակորդ կողմը միտումնավոր սրում է իրավիճակն առաջնագծում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, թե թշնամու կողմից հակատանկային կառավարվող հրթիռի կիրառման արդյունքում՝ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

«Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին եւ թշնամին, չեզոք գոտում թողնելով 5 դիակ, հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից:

Տեղեկացնենք նաեւ, որ օրվա ընթացքում, բացի ԱԹՍ կիրառելուց, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (ՀԱՆ-17 – 10 արկ) եւ 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, իսկ շփման գծում իրադրության հետագա սրման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասվում է Արցախի ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում: