Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում կարեւոր հայտարարություն է արել: Նա ասել է, որ սահմանին Ադրբեջանի կողմից էսկալացիան նշանակում է, որ Բաքուն պարտվում է բանակցություններում: Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքն իրեն փակուղու մեջ է դրել եւ փորձում է ուժի կիրառմամբ հաջողության հասնել: Նրանց թվում է, թե այդպես կարող են հաջողության հասնել, սակայն մեր բանակը հնարավոր ամեն բան անում է՝ ապացուցելով ադրբեջանական կողմի պատրանքների ապարդյունությունը, ասել է արտգործնախարարը:
Հայաստանի ԱԳ նախարարը փաստացի խոստովանել է, որ Հայաստանի բանակն ու ռազմական ուժը ոչ միայն խաղաղության, այլ նաեւ բանակցային գործընթացի պաշտպանության գլխավոր գործոնն են:
Նալբանդյանը վերջերս մեծ խորհրդակցության է մասնակցել Պաշտպանության նախարարությունում: Նա բազմիցս եղել է սահմանային գոտում՝ փորձելով տեղում պարզել եւ տեսնել այն, ինչի մասին խոսվում է բանակցությունների ժամանակ:
Մի շարք փորձագետներ, հատկապես ղարաբաղյան, նշում են, որ դիվանագետներն ու քաղաքական գործիչները բանակցությունների ժամանակ հաճախ անիրականանալի լուծում են առաջարկում, օրինակ՝ տարածքների հանձնում: Հաճախ դա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք երբեք չեն տեսել այդ տարածքները եւ չեն պատկերացնում, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, եթե սահմանը «ճշգրտվի» «խաղաղասիրական» նպատակներով: Կամ էլ նրանց համար միեւնույն է, թե դրանից հետո ինչ կլինի Արցախի հետ: Հայկական դիվանագիտությունն ինչ-որ պահից դադարել էր կառուցվել իրականության վրա:
Այն, որ Նալբանդյանը ճանաչել է բանակի դերը, այն էլ Ստեփանակերտում, վկայում է, որ հայկական դիվանագիտությունն իրականությանը վերադառնալու հնարավորություն ունի: Այդ ճանաչումից հետո հայկական դիվանագիտությունը պետք է դադարեցնի բանակցությունների ժամանակ այն տարբերակների քննարկումը, որոնք հակադրվում են հայկական բանակի հաստատած իրականությանը:
Նալբանդյանի ճանաչումը շատ կարեւոր է, առավել եւս Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Այսինքն, Նալբանդյանը դիվանագիտության մեկնակետ է սահմանում:
Մնում է մեկ այլ ճանաչում՝ որ Հայաստանն արտաքին քաղաքականություն է վարելու՝ ելնելով իր շահերից ու անվտանգությունից, այլ ոչ թե բլոկային ու այլ հարաբերություններից: Վերջին տարիներին ազգային շահերից, ինչպես նաեւ ռազմական իրողություններից հեռացումը հանգեցրել է նրան, որ հայկական դիվանագիտությունը հետապնդում էր ավելի շուտ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի շահերը: Անգամ այնտեղ, որտեղ Ռուսաստանի ու Հայաստանի շահերն ուղիղ հակադրության մեջ էին մտնում, Երեւանը կանգնում էր Մոսկվայի կողքին:
Դժվար չէ ուսումնասիրել եւ պարզել, թե Հայաստանն այդ թվում Ղարաբաղի մասով քանի հնարավորություն է կորցրել միայն այն պատճառով, որ ի վնաս սեփական շահերի պաշտպանում էր Ռուսաստանի շահերը: Դա կարելի է հաշվել տնտեսության ցուցանիշներով եւ հայ զինվորների կյանքերով:
Ժամանակը չէ՞, որ Նալբանդյանն այս իրողությունն էլ ճանաչի:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/148953