Հրազդանում այսօր՝ մարտի 30-ին, հուղարկավորել են Արցախում զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանին:

Արտակին հուղարկավորել են զինվորական կարգով՝ Հայրենական մեծ պատերազմում ընկածների և Արցախյան պատերազմի հերոսների Վանատուր հուշարձան-պանթեոնում:

Արտակ Ռաֆայելյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմեցին, որ նա մահացել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից, որը դիպել էր սրտին: Արտակը տան ավագն էր, ուներ իրենից փոքր եղբայր, որը պատրաստվում է մի քանի ամսից զորակոչվել բանակ:

«Արտակը մեր պարծանքն էր, մեր հպարտությունը, նա մեծ երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար: Ամբողջ Հրազդանն է սգում մեր Արտակի մահը, քանի որ նա Գինեսի ռեկորդակիր էր, և հրազդանցիները ժամանակին հպարտացել են նրա հաջողություններով, Արտակը մեր ցավերին նոր ցավ ավելացրեց՚»,- ասաց Արտակի հորեղբայրը:

20-ամյա Արտակը պատանի երկրապահ էր: Աբովյանի «Պատանի Երկրապահ» ակումբի հրամանատար, մայոր Արմեն Սեդրակյանի նկարագրմամբ, Արտակը շատ բարի, համեստ, խելացի տղա էր. «Արտակն ասում էր՝ երբ գնամ բանակ, մի քանի թուրք եմ սպանելու»:

Արտակ Ռաֆայելյանն ապրիլի 13-ին կդառնար 20 տարեկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմանում ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Ռաֆայելյանը: