«Ո´վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է». պատգամում էր Չարենցը: Եվ իսկապես, մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել դժվարին իրավիճակներում իր համախմբվելու, մի բռունցք դառնալու կարողությամբ: Ահա այդ դժվարին իրավիճակներից էր 1991թ.-ի սկիզբը, երբ անտեսելով հայ ժողովրդի արդարացի պահանջը` Արցախի միացումը մայր Հայաստանին, 1991թ. սկզբներից Ադրբեջանի ղեկավարությունը ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի հայ բնակչության իրավունքները ոտնահարող նոր գործողություններ ձեռնարկեց: Հունվարի 2-ին Ադրբեջանի հեռուստատեսությունը հաղորդեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանագիրը` ԼՂԻՄ-ում եւ նրան հարակից ադրբեջանական շրջաններում նախագահական կառավարում մտցնելու մասին:
Մարզում տարածվեցին հայ ժողովրդին ուղղված թռուցիկներ` ամենասեղմ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի սահմանները թողնելու վերջնագրով: Ժամանակն էր գործելու, ժամանակն էր համախմբվելու եւ փոխելու պատմության ընթացքը: Այդ օրերին հարյուրավոր կամավորականներ շտապեցին դեպի Արցախ: Նրանցից մեկն էլ 5-րդ բրիգադի, «Հայրենասեր» ջոկատի, «Արծիվ - մահապարտների» անդամ ԳՐԻՇԱ ՋԱԼԱԼՅԱՆՆ էր, որը թողած տուն ու տեղ, ընտանիք ու երեխա, անմիջապես միացավ մեր արծիվներին: Նա չուներ բարձրագույն կրթություն, չէր կարդացել Շեքսպիր ու Հեմինգուեյ, չգիտեր Պյութագորասի թեորեմն ու Մենդելեեւի պարբերական աղյուսակը, այս ու այնտեղ չէր գոռացել, որ սիրում է իր հայրենիքը: Բայց գնաց պատերազմ, գնաց լուռ ու անկոտրում, գնաց քանի որ իր հոգում ուներ ավելի մեծ արժեք, ավելի մեծ փիլիսոփայություն: Գնաց, որովհետեւ սիրում էր իր ընտանիքը, իր ընկերներին, իր հայրենիքը: Իսկ թե ինչ դժվարությունների հանդիպեց ռազմի դաշտում, ինչ ցավ ու կորուստներ ունեցավ, միայն իրեն է հայտնի, սակայն մի դեպքի մասին, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մանրամասներ պարզել` 26 տարի անց:
Երբ կռվի դաշտում, ականի պայթյունի հետեւանքով Գրիշան վիավորվում է եւ բավական արյուն կորցնում, զինակից ընկերները խորհուրդ են տալիս, որպեսզի նա անմիջապես թողնի մարտը եւ թույլ տա, որ իրեն շուտափույթ բուժօգնություն ցույց տան, եւ տեղափոխեն հիվանդանոց: «Փամփուշտից լավ դեղ չկա, իսկ արյունս կվերականգնվի միայն այն դեպքում, երբ մեր տղերքի կորցրած արյան ամեն կաթիլի չափ թուրքի խփեմ», - լինում է Գրիշայի պատասխանը: Վիրավորումից ընդամենը օրեր անց, Գրիշան տեղեկանալով, որ իրենց ջոկատի 18-ամյա երիտասարդներից մեկը վիրավորում է ստացել, բժիշկներից պահանջում է, որպեսզի իրենից արյուն վերցնեն ու հանձնեն այդ տղային: Մեզ համար դա հերոսություն է, անձնազոհություն, իսկ իրենց համար` սովորական մի բան: Նման հերոսական պատումները շատ են, քանի որ նրանց ապրած յուրաքանչյուր օրը պայքարով էր լցած, իսկ հաջորդ վայրկյանը ապրելը` բախտավորություն: «Ազատամարտիկը հին եւ նոր չի լինում», - ասում է Գրիշան, ինչն էլ փաստեց շուրջ մեկ տարի առաջ, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, նորից գնաց ռազմի դաշտ: Գնաց լուռ ու անկոտրուն:
Ինչպես գիտենք, արծիվն էլ թռչուն է, բայց ամեն թռչուն չէ, որ արծիվ է: Եվ ուրեմն` մշտապես հիշենք ու գնահատենք մեր արծիվ տղերքին, ովքեր մեր ազատությունը գերադասեցին իրենց կյանքից, առողջությունից, ովքեր կորցրին իրենց ուրախությունը, որպեսզի մենք ժպտանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ