NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Ի՞նչ դասեր քաղեցինք եւ ի՞նչ եզրահանգումներ արեցինք ապրիլյան իրադարձություններից հետո:

Նրանք, ովքեր պետք է դաս քաղեին, դա արել են ավելի վաղ՝ դեռեւս 1988, 1991 եւ 1994 թվականներին (նկատի ունի ադրբեջանական կողմին): Կարող եմ ասել, որ համաձայն չեմ «քառօրյա պատերազմ» ձեւակերպմանը։ Կոչս առաջին հերթին պետական այրերին է ուղղված՝ չօգտագործել այն: Փոքրիկ պատմական անդրադարձից սկսեմ: Պատերազմական գործողությունները կարող ենք մի քանի փուլի բաժանել։ 1988-1991 թվականները ղարաբաղյան շարժման սկիզբն են։

Փետրվարի 22-ին, երբ արցախցիները դեռեւս Խորհրդային Ադրբեջանի քաղաքացիներ էին, բազմահազարանոց ամբոխով հարձակման փորձ կատարեցին, ինչն այն ժամանակվա Ասկերանի մոտ կանգնեցվեց մի խումբ մարդկանց կողմից, որոնց թվում էի նաեւ ես: 1989-ին, երբ Արցախը հատուկ կարգավիճակ ուներ, իսկ մեր ներկայացուցիչն Արկադի Վոլսկին էր, մենք ենթարկվում էինք Մոսկվային, Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին ուժային մեթոդներով փորձել ճնշել այդ շարժումը։

1991 թվականին, երբ Ադրբեջանն անկախություն հռչակեց, հիմք ընդունեց 1920 թվականի դեմոկրատական Ադրբեջանի հռչակագիրը։ Սակայն այդ կազմավորումը, որը ոչ ոքի կողմից չէր ճանաչվեց, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, չի հստակեցնում, թե ինչ տարածքի վրա է կազմավորված:

Երբ այսօր տարբեր ատյաններում խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, առնվազն զարմանք է առաջացնում, քանի որ երկիրն անկախություն էր հռչակել, բայց չէր նշել, թե որ տարածքի վրա: Նույն «հիմքով» Ադրբեջանը կարող է տարածքներ պահանջել այլ երկրներից: Իմ կարծիքով՝ դա հեռահար նպատակներ է հետապնդում: Երբ նրանք Թուրքիայի աջակցությամբ երկրորդ մահմեդական պետությունը ստեղծեցին՝ մի քանի անուն մուսավաթականից դեմոկրատականի փոխելով, եւ արդյունքում չճանաչվելով Ազգերի լիգայի, միջազգային որեւէ կազմակերպության կամ երկրի կողմից, նպատակն իրենց չպատկանող տարածքներ գրավելն էր, այդ թվում՝ Զանգեզուրն ու Նախիջեւանը: Այսօր նույն ոգով են գործում թուրքական իշխանությունները: Էրդողանի վերջին հայտարարությունները, Եվրոպային ուղղված սպառնալիքները պետք է աշխարհին ստիպեն մտածել այն մասին, որ գործ ունենք պետության հետ, որտեղ աբսուրդի մթնոլորտ է տիրում:

1991 թվականին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ամբողջ տարածքում, ինչպես նաեւ սկսեց հրետակոծել Հայաստանի սահմանները: Իհարկե, այնպիսի ագրեսիվ քայլեր, ինչպես Արցախի նկատմամբ, Հայաստանի դեմ չձեռնարկեց, քանի որ Հայաստանն արդեն ակախ պետություն էր, եւ նման գործողությունն Ադրբեջանի համար խնդիրներ կառաջացնեին:

1994 թվականի մայիսի 12-ին, Ադրբեջանի իշխանությունների անմիջական առաջարկությամբ եւ օտար պետությունների միջնորդությամբ, երբ Ադրբեջանը լուրջ կործանման առջեւ էր, լինել-չլինելու հարց էր ծագել, մենք հրադադարի պայմանագիր ստորագրելու քայլի գնացինք, ինչը ես սխալ եմ համարում: Դա ուժ չունեցող համաձայնագիր, որին հետեւում են այնքանով որքանով... Պարզապես մարտերի բնույթը փոխվեց, պատերազմը չավարտվեց: Հարձակողական ու պաշտպանողական գործողություններից անցանք դիրքային մարտերի, որը շատ վտանգավոր է: Այդ ժամանակներից մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը կողմերը բազմաթիվ կորուստներ են ունեցել՝ զոհեր, վիրավորներ, նյութական կորուստներ։ Ո՞վ է պատասխանատվության կանչվել: Եվ դատավոր չկա, մեղավորներին պարզելու մեխանիզմ չկա: Ի՞նչ շահեց ադրբեջանական կողմը: Ոչի՛նչ: Շահեց այնքանով, որ հնարավորություն ունեցավ աշխարհին հիշեցնել հակամարտության գոյության մասին, եւ Ադրբեջանում իշխող բռնապետական ռեժիմը նախադրյալներ ստեղծեց, որպեսզի ներքին խմորումներ չլինեն: Հայաստանի եւ Արցախի համաար հեշտ է, քանի որ մենք մոնոէթնիկ պետություններ ենք, ազգային հարցեր չկան, իսկ մեր տարածքներում բնակվող ժողովուրդները մեր երկրի լիարժեք համաքաղաքացիներն են: Ադրբեջանում բազմազգ պետություն լինելու հարցը սուր է կանգնած: Բազմաթիվ ժողովուրդների, որոնք պարբերաբար ճնշումների են ենթարկվում, զրկվում են ազգային ինքնությունից, պարտադիր ադրբեջանական ժողովրդի «շարքն են դասում»: Այսպիսով սրելով իրավիճակը՝ Ալիեւի կլանը «լուծում» է իր խնդիրները:

Ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան Ադրբեջանում ազգամիջյան խնդիրների սրացման ֆոնին: Միաժամանակ, այդ երկրի իշխանություններն աշխարհին ցուցադրեցին հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությունը՝ հույս ունենալով, որ հայկական կողմը խաղաղություն կխնդրի: Սակայն Բաքվում թող խաբկանքի մեջ չլինի: Իսկապես, հակառակորդն ավելի շատ սպառազինություն ունի, բայց, չնայած դրան, Ադրբեջանին չի հաջողվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Ապրիլյան իրադարձությունները ոչ թե Ադրբեջանի ջանքերի, այլ մեր զգոնության թուլացման հետեւանք էին: Մենք միամտորեն հավատում ենք ստորագրված փաստաթղթերին, այլ պետությունների եւ համանախագահների հայտարարություններին: Հենց սա տեղի ունեցավ անցյալ տարվա ապրիլին: Բայց որքան էլ ծանր լինի սա ասել, ապրիլյան իրադարձությունները զոհերը մեսիջ էին ամբողջ հայությանը: Ագրեսիայի մեկնարկից ժամեր անց արդեն ամբողջ հայությունը ոտքի կանգնեց: Կարծում եմ՝ դա շահագրգիռ կողմերին վախեցրեց եւ ստիպեց քայլեր ձեռնարկել՝ խաղաղություն հաստատելու համար: Այո, մենք մարդկային եւ տարածքային կորուստներ ունեցանք: Բայց մեծ հաշվով, ռազմավարական տեսանկյունից, Ադբրեջանին չհաջողվեց մեծ հաջողության հասնել:

Մի շարք ուղղություններում Պաշտպանության բանակը գերակայող բարձունքներ է զբաղեցնում եւ կարող է իր կամքը թելադրել: Ադրբեջանական իշխանությունների եւ լրատվամիջոցների կողմից շահարկվող՝ իբր գրավված Չոջուխ Մարջանլը գյուղը երբեք հայկական չի եղել, այն մեր դիրքերից 600 մետր հեռավորությամբ է։ Եվ չնայած նրանց բոլոր ամպագորգոռ հայտարարություններին, եթե մենք թույլ չտանք, նրանք չեն կարող ոչ մի քար առաջ շարժել: Գյուղը մեր վերահսկողության տակ է: Մենք ռազմական գործողությունների կողմնակից չենք եւ ամեն ինչ անում ենք հակամարտության խաղաղ լուծման համար, ինչն Ադրբեջանը չի հասկանում: Բայց ես այստեղ Թուրքիայի եւ որոշ երկրների ձեռքն եմ տեսնում, որոնց խորհուրդ կտայի չխառնվել ուրիշների գործերին: Հայերն ապրում են ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այնպես որ՝ հայերին նեղացնել պետք չէ, դա կարող է վտանգավոր լինել: Եվ ինչպես էլ զարգանան իրադարձությունները, խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով: Առավել եւս, որ հակամարտությունը հսկայական վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում, մեզանից 400 կմ հեռավորությամբ, ինչ է տեղի ունենում մեզանից 500-600 կմ հեռավորությամբ՝ Աֆղանստանում, Պակիստանում: Հյուսիսային Կովկասը նույնպես պոտենցիալ պայթյունավտանգ տարածաշրջան է:

Հայտնի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո մեծ աշխատանք է տարվել՝ վերազինման եւ ինժեներական աշխատանքների առումով:

Ապրիլյան իրադարձություններից առաջ, հարկ է սա խոստովանել, բանակին ավելի քիչ ուշադրություն էր դարձվում, քան անհրաժեշտ է: Մի պարզ պատճառով. հավատում էինք զեկույցներին, որ ամեն ինչ հրաշալի է, մենք ուժեղագույն բանակն ունենք տարածաշրջանում, չնայած նման ձեւակերպումներն ինձ երբեք դուր չեն եկել: Ուժեղագույն բանակն ո՞ւմ համեմատությամբ: Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, թե՞ Վրաստանի: Այդ առասպելը պայթեց։ Ուժեղ մարդը երբեք չի բարձրաձայնի իր ուժի մասին: Միայն թույլերն են բարձր խոսում։ Տեսեք, թե հանրահավաքների ժամանակ մարդիկ ինչպես են փորձում ապացույցների փոխարեն միասին պատռել ձայնալարերը, մարդկանց թվում է, որ հիմա բոլորը կվախենան եւ կքվեարկեն իրենց օգտին: Բայց այդպես չէ: Հարկավոր է խոսել հանգիստ, բայց այնպես, որպեսզի բոլորը լսեն քեզ: Ամեն դեպքում, ցանկացածը, ով ոտնձգություն կկատարի մեր սահմանների կամ բանակի նկատմամբ, համարժեք պատասխան կստանա:

Ինչ վերաբերում է աշխատանքներին, ասեմ, որ ապրիլից հետո հակայածավալ աշխատանք է արվել: Այնպես չէ, որ դրանք չէին իրականացվում, բայց բավարար չէր: Առաջնագծում ինժեներական աշխատանքները գրեթե ավարտված են: Նույնը կարող եմ ասել նաեւ կապի միջոցների մասին. թվային տեխնոլոգիաներ են ներդրվել, գիշերային ջերմատեսիլ եւ ցերեկային սարքեր, տեսաձայնային հսկողության համակարգ, անօդաչու թռչող սարքերի խոցման համակարգ: Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող 200 կմ-անոց սահմանագծում չկա որեւէ կետ, որը գիշեր ու ցերեկ չի հսկվում: Սպառազինությունը բոլոր ուղղություններով արդիականացվում է: Մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է արվել, եւ այսօր չեմ կարող որեւէ խոցելի տեղ մատնանշել: Եվ այդ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: Ուզում եմ ընդգծել, որ այդ աշխատանքներին մասնակցել է ամբողջ հայ ժողովուրդը, ինչպես նաեւ այլ ազգության մեր ընկերները, որոնց, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել: Միաժամանակ, եթե իրադարձությունները կրկնվեն, վստահ եմ, որ լուրջ խնդիրներ կառաջանան Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Բայց հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել՝ սրացում թույլ չտալու համար:

Վերջին շրջանում շատ է խոսվում անորակ վառելիքի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Վառելիքի որակի մասին ոչինչ չեմ կարող պնդել: Ես լաբորատորիայում չեմ աշխատում: Բայց խոսակցությունները, թե խրամատներում զինվորների մոտ փամփուշտ չի եղել, կապ չի եղել, պարզապես ծիծաղելի են, հեքիաթներ: Ինչ վերաբերում է կապին: Բանն այն է, որ այն կար, բայց նորմալ չէր գործում: Այսինքն՝ խնդիրներն ավելի շատ մեր անկազմակերպվածության, մեջ են, ինչից օգտվեց հակառակորդը: Բոլորը, ովքեր եղել են պաշտպանական կետերում, մարտչել են ամենաբարձր մակարդակով: Անձամբ ինձ որեւէ դեպք հայտնի չէ, որ զինվորը կամ սպան հեռանան պաշտպանական կետից, իսկ ես եղել եմ բոլոր վայրերում, որտեղ մարտեր են ընթացել: Լրատվամիջոցները պետք է ավելի զուսպ լինեն: Չի կարելի հրապարակել ցանկացած չստուգված վկայություն: Միաժամանակ, ուզում եմ ընդգծել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ներքաղաքական լարվածության անթույլատրելիությունը: Հարցազրույցներից մեկում ասել եմ, որ եթե Հայաստանում որեւէ լարվածություն առաջանա, խոստանում եմ, որ իրադարձությունների վայրում կլինեմ: Գոյություն չունի Հայաստան առանց Արցախի, եւ չկա Արցախ առանց Հայաստանի, եւ մենք իրավունք չունենք շահարկել այդ թեման՝ դիվիդենտներ շահելու հույսով:

Ձեր կարծիքով, տեղեկատվության օպերատիվ ներկայացման հետ կապված խնդիրներ չկա՞ն:

Տեղեկատվության ոլորտում խնդիրներ կան ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Կարծում եմ՝ հարկավոր է ամրապնդել քաղտեխնոլոգիայի ինստիտուտը եւ լուրջ մարմին ստեղծել, հնարավոր է՝ ազգային անվտանգության խորհրդին կից միջգերատեսչական հանձնաժողովի տեսքով: Հարկավոր է ուժերը կենտրոնացնել տեղեկատվական դաշտում: Ինչպես ժամանակին զինված ջոկատները բանակ կազմավորեցին: Դա արագ պետք է արվի։ Նշված մարմին աշխատանքները կհամակարգի մեկ աղբյուրից:

Ի՞նչ եք կարծում, Արցախը պե՞տք է հասնի ադրբեջանական զիվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատժելուն:

Իսկ ո՞ւմ դիմենք: Օրինակ՝ ՄԱԿ-ը բանաձեւեր է ընդունում այս կամ այն հարցով, իսկ ո՞վ է դրանք իրականացնում: Տեսեք՝ ինչ եղավ Սիրիայի, Լիբիայի, Եգիպտոսի հետ: Մարդկանց մի խումբ որոշում կայացրեց: Իսկ Սիրիայում քանի՞ հազար երեխա սպանվեց: Ո՞վ է այդ մասին մտածում, ո՞վ է պատասխանատու։ Կարծում եմ՝ պետք է դիմենք այնպիսի ատյանների, ովքեր մտահոգ են մեր մասին: Բայց հենց այնպես դիմելն անիմաստ է: Այսօր աշխարհաքաղաքականությունն այնքան է հեռացել հունից, այնպիսի անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում: Հայությունը պետք է ավելի միասնական դառնա եւ պաշտպանի իր երկիրը: Համոզված եմ, որ եթե առաջիկա տարիներին հաջողվի խուսափել իրավիճակի սրացումից, մենք կկարողանանք արտասովոր իրադարձությունների ականատես լինել Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am