Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կանվանափոխվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով: Այդ դպրոցում է սովորել Ռոբերտ Աբաջյանը: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ապրիլի 19-ին Երեւանի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի եւ տուրիզմի հանձնաժողովում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվել է Երեւանի թ.147 դպրոցն անվանակոչել Արցախի հերոս, այդ դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Հանձնաժողովի անդամներս միաձայն դրական եզրակացություն են տվել նախագծին:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների: