Մայիսի 5-ին եւ լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:

Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ սահմանին նույն ժամանակ եւս հնչել են կրակոցներ, թվով ավելի քիչ եւ հիմնականում միայն հրաձգային զենքերից: «Որեւէ կորուստներ հայկական կողմից չեն եղել: Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է»,-նշել է նա: