Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սիրիական հիմնախնդրի շուրջ կայացած վերջին բանակցությունների ընթացքում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից ընդունված Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու հուշագիրն ուժի մեջ է մտել այս գիշերվանից: Այս մասին հայտնում է demokrathaber.org-ը:

Նախատեսվում է, որ առաջիկա 6 ամիսներին անվտանգության գոտիների քարտեզը չի փոխվի:

Առաջին անվտանգության գոտու մեջ մտնում են Լաթաքիայի, Հալեպի և Համայի նահանգների զգալի հատվածները, երկրորդ գոտին ներառում է Հոմսի հյուսիսը, երրորդը` արևելյան Ղուտան, իսկ չորրորդ անվտանգության գոտու մեջ մտնում են Սիրիայի հարավային Քունեյթրա և Դերաա շրջանները:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում: