ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Տավուշի մարզի Տեղ գյուղից էր: Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկը ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: Գագիկի հայրը մահացել է տարիներ առաջ: Մեսրոպյանները հաշվառված են Էջմիածնում, սակայն, արդեն երկար տարիներ ապրում են Տեղում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գագիկ Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: