2015թ. նոյեմբերի 28–ին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 18-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի գործով դատական նիստին ցուցմունք է տվել տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ավետիսյանը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հասմիկ Ավետիսյանը հայտնել է, որ Գեւորգ Խաչատրյանը չէր կարող ինքնասպանություն գործել, նրա խոսքով, մի քանի անգամ նա բողոքել է համածառայակից, գործով ամբաստանյալ Հարություն Մուրադյանից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաննությամբ պարզվել է, որ ողբերգությունը սկսվել է կապիտան Մհեր Ոսկանյանի կազմակերպած թղթախաղից։ Կապիտանը պայման է դրել, որ պարտվողը պետք է 7 օր ճաշարանի կերակուրի ավելցուկը հավաքի եւ կերակրի զորամասի մոտ գտնվող իրեն պատկանող անասնագոմում պահվող խոզերին։ Շարքայինները պարտվել են եւ կատարել պայմանը։ Դեպքի օրը Գեւորգը հեռախոս է խնդրել ծառայակիցներից, առանձնացել է, մի քանի զանգ կատարել, հեռախոսը վերադարձրել եւ հեռացել, ինչից հետո հնչել է կրակոց, Գեւորգին գտել են կզակին ստացած հրազենի վնասվածքից մահացած։ Քննությամբ նաեւ պարզվել է, որ շարքային Հարութ Մուրադյանը բռնության է ենթարկել Գեւորգին, ծաղրել, բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին՝ ՀՀ ՔՕ 364.1 հոդվածի 2-րդ մասով, 375 հոդվածի 1-ին մասով, 360 հոդվածի 2-րդ մասով, ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին՝ ՀՀ ՔՕ 364.1 հոդվածի 1-ին մասով, 375 հոդվածի 1-ին մասով, ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին՝ ՀՀ ՔՕ 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով եւ 359 հոդվածի 2-րդ մասով: