Արցախում հունիսի 17-ին առավոտյան հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանը քառօրյա պատերազմի մասնակից էր, ծառայում էր Թալիշում:

NEWS.am-ին 20-ամյա Նարեկի բարեկամները պատմեցին, որ նա ծառայությունն ավարտելու էր մեկ ամսից:

«Մայրն ամեն օր հաշվում էր, թե քանի օր է մնացել Նարեկի գալուն: Հայրն էլ տուն էր վերանորոգում, որ տղայի բանակի քեֆն անի»,- ասաց բարեկամուհին:

Նարեկը Երեւանի բնակիչ էր, ունի 2 քույր ու 1 եղբայր, որը մեկ տարի առաջ է բանակից վերադարձել:

Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողն ավելի վաղ պարգեւատրվել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 16-ին, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմանում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):